Այսօր Գյումրու ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր երկրորդական շուկայից ծառայողական մեքենա ձեռք բերելուն։
Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն իր ելույթում ասաց, որ 3 միլիոն 300 հազար դրամ են նախատեսել ծախսել ու երկրորդական շուկայից օգտագործված ծառայողական մեքենա ձեռք բերել։ Ըստ զեկուցողի, քաղաքապետարանը չի կարող շքեղություն թույլ տալ եւ ձեռք բերել բոլորովին նոր մեքենա, որովհետև դրանք թանկ են։ Իրենք գերադասում են երկրորդական շուկայից ձեռք բերել օգտագործված, բայց համեմատաբար նորմալ մեքենա։
Տիկին Ջիլավյանը նաև ասաց, որ հնարավոր է ոչ թե 3 միլիոն 300 հազար ծախսեն, այլ ավելի քիչ, ասենք՝ 2 միլիոն 600 հազար դրամ։ Ավագանու անդամներից մեկը տեղից ասաց՝ հնարավոր է և ավել ծախսեք, որին ի պատասխան՝ թե՛ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, թե՛ Լենա Ջիլավյանն արձագանքեցին․ «Չէ, բացառված է»։
Գյումրու քաղաքապետը ևս հարկ համարեց պարզաբանում ներկայացնել այս թեմայով․ «Ճիշտն ասած, փոխքաղաքապետերից մեկը շատ տխուր ծառայողական մեքենա ունի։ Վիճակը շատ տխուր է ու ամոթ, մյուս փոխքաղաքապետը՝ պարոն Սանոյանը, հրաժարվել է ծառայողական մեքենայից․ իր մեքենան է օգտագործում։ Պարզ է, որ ինձ էլ երբեք ծառայողական մեքենա պետք չի եղել, շատ տխուր է վիճակը, որովհետև էնտեղ փոխանցման տուփը մենակ ետ է գնում ու առաջ է գնում, գոնե ինչ-որ տեղ թարմացնենք։ Իհարկե, մենք վեց ծառայողական մեքենա հանեցինք, բայց այս մեկն ուզում ենք գնել, հինը դուրս կբերենք ավագանիով, կվաճառենք, հիմա էլ վաճառում ենք, BМW-ներ ունենք, մինչև հիմա չի վաճառվում»։
Կարդացեք նաև
Լենա Ջիլավյանն ասաց՝ 3 անգամ աճուրդի են դրել, որին քաղաքապետն արձագանքեց․ «Էլի դրեք աճուրդի, կարող է մեկը գնի»։
Մենք փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանից ճշտեցինք, որ իր ծառայողական մեքենան 2002 թվականին արտադրված ռուսական «ՎԱԶ-21 15» է, այն անընդմեջ փչանում է։
Այն 2012 թվականին որպես ծառայողական մեքենա հատկացվել էր Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանին, դեռ այն ժամանակվանից մեքենան պիտանի չէր օգտագործման․ խայտառակ վատ վիճակում էր, անընդհատ վերանորոգում էին, իրենով պրոբլեմ էր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ