Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Մարտի 10-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում փաստաբանական գործունեության ոլորտին առնչվող խնդիրների եւ հանրային պաշտպանության շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անձանց տրամադրվող՝ անվճար իրավաբանական օգնության աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի եւ ՄԻՊ ինստիտուտի ներկայացուցիչներ:
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հանձնաժողովը քննարկումներ է կազմակերպել հանրային պաշտպանի ինստիտուտի շահառուների ցանկի ընդլայնման հետ կապված:
Կարդացեք նաև
Հանդիպում է եղել նաեւ «սեւազգեստ» մայրերի հետ, ովքեր իրենց որդիների մահվան հանգամանքները պարզելու նպատակով եւս ցանկություն են հայտնել իրավունք ունենալ՝ անվճար օգտվելու հանրային պաշտպանի ինստիտուտից:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին: Զեկուցողն ընդգծել է, որ նմանատիպ քննարկումներն ապացույցն են այն բանի, որ խորհրդարանն անտարբեր չէ փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:
Արա Զոհրաբյանը նշել է, որ այսօր տեսականորեն հնարավոր է փաստաբանների պալատի նկատմամբ սնանկության վարույթ սկսել: Նա առաջարկում է, որ պալատն օգտվի անձեռնմխելիության հնարավորությունից, ինչպես Կենտրոնական բանկի դեպքում է: Զեկուցողի կարծիքով՝ խնդիրը կարող է լուծվել օրենսդրական նախաձեռնությամբ՝ Սնանկության մասին օրենքում լրացում կատարելու միջոցով: Խոսելով ձերբակալված կամ կալանավորված փաստաբանին տեսակցելու հարցի մասին՝ նշվել է, որ պալատը ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է համապատասխան օրենքում լրացում կատարել՝ հնարավորություն ընձեռելով փաստաբանների պալատի նախագահին անարգել, առանց տեսակցության եւ տեւողության սահմանման տեսակցելու նրանց: Առաջարկը չի ընդունվել, ուստի Արա Զոհրաբյանն ակնկալում է այդ հարցում խորհրդարանականների աջակցությունը:
Պալատի նախագահն առաջարկում է նաեւ լրացում կատարել Քրեական օրենսգրքում՝ մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանին վիրավորելը եւ զրպարտելը համարել որպես հանցավոր արարք: Նա նշել է, որ գործող օրենսդրությամբ քրեորեն հետապնդելի արարք է համարվում դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին եւ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը: Բանախոսը մտահոգություն է հայտնել նաեւ փաստաբանների հարցումներին չպատասխանելու, քաղաքացիական գործերով հայցադիմումների վերադարձի, գործերի քննության ժամկետների վերաբերյալ:
Հյուրերը խոսել են նաեւ պալատին կից գործող հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության մասին, պետության կողմից նրանց տրվող սոցիալական երաշխիքների ոչ ճիշտ բաշխվածության՝ սկսած աշխատավարձերից մինչեւ տրանսպորտային ծախսեր: Նշվել է, որ մեր երկրում անվճար հիմունքներով պաշտպանություն է իրականացնում 61 փաստաբան, որոնցից յուրաքանչյուրը տարվա ընթացքում վարում է մինչեւ 180 քրեական ու քաղաքացիական դատավարության ոլորտին առնչվող գործ:
Կողմ լինելով հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացմանը՝ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է նաեւ պաշտպանի պարտականությունների ժամանակին իրականացումը:
Քննարկման ավարտին առաջարկների փաթեթը փոխանցվել է Նաիրա Զոհրաբյանին: Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ դրանք նախ համակողմանի կքննարկվեն, ապա կառուցողական եւ հիմնավոր դրույթները կդրվեն օրենսդրական շրջանառության մեջ:
ՀՀ Ազգային ժողով