Ryanair բյուջետային ավիաընկերությունը նոր հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով: Հաղորդագրության համաձայն՝ ավիաընկերությունը մարտի 11-ից դադարեցնում է թռիչքները Իտալիայի ներսում, իսկ մարտի 13-ից՝ դեպի Իտալիա և Իտալիայից բոլոր միջազգային չվերթները: Ավիաընկերությունը նախատեսում է թռիչքները վերսկսել ապրիլի 8-ից:
Նշվում է, որ բոլոր ուղևորները ստացել են համապատասխան ծանուցումը: Այն ուղևորները, որոնք գտնվում են Իտալիայում և ցանկանում են նախատեսվածից ավելի վաղ վերադառնալ հայրենիք, կարող են անվճար փոխել տոմսը, միջազգային չվերթները կգործեն մինչև մարտի 13-ի կեսգիշեր: Թռիչքների չեղարկումից տուժած ուղևորներին առաջարկվում է գումարի ամբողջական վերադարձ կամ ճանապարհորդական վարկ, որը կարելի է Ryanair-ի չվերթներում օգտագործել հաջորդ 12 ամիսներին:
Հիշեցնենք, որ Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի վարակի պատճառով մարտի 10-ից հայտարարել են կարանտինի ռեժիմ երկրի ողջ տարածքում, արգելված են զանգվածային միջոցառումները, խիստ սահմանափակվել է նաև մարդկանց տեղաշարժը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ