Լրահոս
Օրվա լրահոսը

««Ոչ»-ի հաղթանակի դեպքում նախկինների ռևանշի հնարավորությունը կմեծանա». Անդրանիկ Գրիգորյան

Մարտ 10,2020 19:55

«Քարոզարշավի առաջին քառորդը անցավ, բայց «Ժառանգություն» կուսակցության տեսակետում ոչինչ չի փոխվել, մենք դեռ այն կարծիքն ենք, որ ապրիլի 5-ը նոր Հայաստանի ընտրության օրը չէ»,- «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:

Հանրաքվեով իշխող ուժն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 դատավորի լիազորությունները։ Հանրաքվեի քարոզչական շրջանում ձևավորվել է երկու շտաբ՝ «Այո» և «Ոչ»:

«Մենք չենք ընդունում հատվածական փոփոխությունները, բայց Հայաստանում դատաիրավական համակարգի ճգնաժամի առկայության դեպքում որոշակի օղակներում փոփոխություններ կատարելը, որպես քաղաքական նպատակ, արդարացի է: Իշխող ուժը գնում է այդ հատվածական փոփոխությանը, սակայն, այստեղ խնդիրը այն է, որ այս հատվածականությունը բերելու է նոր ճգնաժամերի հաջորդ փուլում»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը:

Ըստ Գրիգորյանի, հանրաքվեի քարոզարշավից մենք չենք ստանում մի շարք հարցերի պատասխաններ. «Օրինակ՝ ինչո՞վ էին Սահմանադրական դատարանի, իրենց բնորոշմամբ, ապօրինի ընտրված, դատավորները խանգարում իշխանությանը, որպեսզի կատարեն բարեփոխումներ և արդյոք Սահմանադրության հենց այդ մի կե՞տն է խանգարում գործող իշխանությանը իրենց փոփոխությունները կյանքի կոչելու համար»:

«Այո»-ի հաղթանակի և «Ոչ»-ի պարտության դեպքում վստահաբար իշխող քաղաքական թիմի սանձարձակությունը կմեծանա, իսկ «Ոչ»-ի հաղթանակի դեպքում նախկինների ռևանշի հնարավորությունը կմեծանա։ Երկուսն էլ վտանգավոր ճանապարհ են»,- նշեց Անդրանիկ Գրիգորյանը։

«Հերթական անգամ իշխանությունը շահարկում է հեղափոխության խաղաքարտը, և բովանդակային քննարկումներից դուրս՝ նրանք օգտագործում են Նիկոլ Փաշինյանի հեղափոխության մեջ ունեցած դերը, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Իրենց միակ նպատակը Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխությունն է, որը մի գուցե քաղաքականապես արդարացված է, բայց դա այն չէ, ինչը, որ պետք է մեր պետությանը»,- ասաց կուսակցության նախագահը:

Խոսելով Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններից՝ Գրիգորյանը նշեց, որ Արցախը վտանգավոր տարածաշրջան է հեղափոխական զարգացումների համար։

«Կարծում եմ, Արցախի բնակչությունն անցած տարիներին իր դրսևորած կամքի արդյունքում վաստակել է ինքնուրույն սեփական ճակատագիրը որոշելու հնարավորություն։ Եվ եթե մենք դա կարողացանք պարտադրել մեր չակերտավոր հարևանին և ցույց տալ, ի վերջո, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը, պետք է հայաստանյան բոլոր իշխանություններն էլ հաշվի նստեն այս իմպերատիվ իրողության հետ»,- ընդգծեց «Ժառանգության» նախագահը։

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031