Կապանում այսօր «այո»-ի քարոզարշավի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ որեւէ մեկը չի կարող պարտադրել այսուհետ, որ մարդիկ իրենց կամքից դուրս ընտրություն կատարեն. «Ցավոք սրտի «ոչ»-իստները հայտարարել են, որ մեր հանրահավաքներին մենք վարչական ռեսուրս ենք կիրառում, ուսուցիչներ, աշակերտներ ենք բերել հանրահավաքին: Եվ դա ասում է մի մարդ, ով ՍԴ-ի շուրջ այս խառնաշփոթի, բոլոլայի հեղինակներից մեկն է: Ի պաշտոնե այն ժամանակ նա տեղ էր զբաղեցնում ԱԺ-ում ու նրա հետ կապված այս պահին կա հարուցված քրեական գործ:
Այնպես, ինչպես վարչապետն ասում է, որ մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց թույլ չենք տա, որ գեթ մեկ քվե կեղծվի, այնպես էլ ես, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ որեւէ մեկը չի կարող մեր ուսուցչին, կրթական համակարգն առհասարակ ներգրավել աղաքական պրոցեսների մեջ: Նրանցից յուրաքանչյուրն այսօր հնարավորություն ունի կամովի իր «այո»ն-ն կամ իր «ոչ»-ն արտահայտելու, բայց որեւէ մեկը չի կարող նրանց պարտադրել: Ես դա ասում եմ՝ պատասխանատվություն կրելով այս խոսքերի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ