Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՄՁ-ներն այսօր պատրաստ չեն նոր ներդրումների. սա, կարծում եմ, ամենամտահոգիչն է ապագայի համար». Տիգրան Ջրբաշյան

Մարտ 10,2020 17:05

«Հետազոտությամբ արձանագրել ենք, որ 2012 թվականին իրականացրած մեր հետազոտության համեմատ ՓՄՁ-ները կատարում են ավելի կարճաժամկետ ներդրումներ, ինչպիսիք են, օրինակ, պաշարները, վերանորոգումը։ Համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները՝ նյութական ակտիվներ, շենք-շինություններ եւ այլն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ նշելով, որ այսօր ներդրումներն ավելի շատ գնում են պահեստի ավելացմանը։

Պարոն Ջրբաշյանն այսօր հրապարակեց «Ամերիա» ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների մասին:

2019 թվականի կեսերին ՓՄՁ-ների սպասումները, Տիգրան Ջրբաշյանի խոսքով, բավական իրարամերժ են եղել. «Պետք է ընկալել, որ ՓՄՁ-ն միասեռ հասկացություն չէ: Այն իր մեջ պարունակում է տնտեսության մեջ գործող ընկերությունների գրեթե 94%-ը։ Մենք փորձել ենք բացահայտել առկա տարբերությունները։ Մասնավորապես, ներմուծող ընկերությունները բավական վատատես են իրենց ապագայի նկատմամբ՝ ի համեմատ արտահանող ընկերությունների»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը։

Ըստ նրա, ՓՄՁ-ներն այսօր պատրաստ չեն նոր ներդրումների. «Սա, կարծում եմ, ամենամտահոգիչն է ապագայի համար։ Խնդիր կա դա առաջիկայում պետական քաղաքականության միջոցով փոփոխելու, քանի որ կարծում ենք, որ այդ ներդրումները պետք է բերեն արտադրողականության աճի եւ ավելի լավատես վերաբերմունքի ապագայի հանդեպ»։
Տիգրան Ջրբաշյանի խոսքով, համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ՓՄՁ-ների հարաբերությունները բանկերի հետ բավականին բարելավել են՝ ի տարբերություն 2013 թվականի: Տնտեսագետն այս հանգամանքը պայմանավորեց ՓՄՁ ոլորտի նկատմամբ բանկերի ունեցած շատ մեծ ուշադրությամբ:

Ջրբաշյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում

Հետազոտությունից պարզ է դառնում, որ 2018 թվականի համեմատ 2019 թ-ին փոքր ու միջին չափի ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի, սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրել։ Այսպես՝ էական բարելավում է արձանագրվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների մոտ, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով։ Նույն ժամանակահատվածում առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ները արձանագրել են զգալի վատթարացում։ Նշենք, որ հետազոտության համար դիտարկվել են Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում եւ Էջմիածնում գործունեություն իրականացնող 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8 %-ը գերփոքր է, 5.1%-ը՝ փոքր, մոտ 1%-ը՝ միջին։
Հետազոտության շնորհանդեսին ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, տնտեսական-քաղաքական գործիչներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարեւոր համարեց Տիգրան Ջրբաշյանի այն դիտարկումը, թե այսօր անգամ չունենք ՓՄՁ-ի սահմանումը: Ըստ պարոն Թունյանի, վիճակագրությունը մի բան է հասկանում, ՊԵԿ-ը՝ մեկ այլ բան, բանկերն էլ մեկ այլ եւ միասնական մոտեցումը շատ կարեւոր է:

Ինչ վերաբերում է ֆինանսների հասանելիությանը, նորարարական ներդրումներին, ապա, ըստ հանձնաժողովի նախագահի, կառավարության ռազմավարության մեջ այդ մասին շեշտվում է: Սակայն, ըստ Բաբկեն Թունյանի, մենք նաեւ ներդրումների սահմանման հետ խնդիր ունենք:

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը կարեւոր համարեց հետազոտության առկայությունը՝ նշելով, որ այն կարող է իրենց գործողություների համար ուղղորդիչ լինել. «Երբ մենք ինչ-որ փոփոխություն ենք անում, բայց այդ փոփոխությունը դեռ կարծիքների ու ակնկալիքների մեջ չի արձանագրվել, դա նշանակում է, որ այդ ինֆորմացիան դեռ ՓՄՁ-ներին չի հասել եւ սա շատ լավ ազդակ է մեզ համար, որ իրազեկման ուղղությամբ աշխատենք»:

Նաիրա Մարգարյանը հնարավոր համարեց, որ ՓՄՁ-ները սպասողական դիրք ունեն, սակայն հույս հայտնեց, որ այս տարվանից այդ սպասողական դիրքը կկարողանան ամբողջությամբ փարատել՝  նրանց ուղղորդելով ներդրումների կառավարության աջակցության, իրազեկման ծրագրերով եւ միջավայրային փոփոխություններով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031