Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դիմել է առողջապահության նախարարություն. նրան շտապ պետք է բուժօգնություն` արտասահմանում

Մարտ 10,2020 16:29

ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ նստավայրում կրկին հետաձգվեց: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ստացել է պաշտպանական կողմից տեղեկանք այն մասին, թե ի՞նչ պատճառով Մանվել Գրիգորյանը չի կարող ներկայանալ դատարան: Տեղեկանքում նշված են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկություններ:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը դեռ վերակենդանացման բաժանմունքի սարքավորումների հսկողության տակ է`24 ժամյա ռեժիմով եւ մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող դատարան ներկայանալ. «Եթե նախկինում նրան դատարան էին բերում շտապ օգնության մեքենայով եւ միայն արհեստական թթվածնի սարք էր միացված, ապա այժմ ավելացել են տարբեր տեսակի մոնիտորներ»:

Բժիշկների մասնագիտական կարծիքներ են ներկայացրել, նաեւ առկա է էպիկրիզն առ այն, որ տեւական ժամանակ գտնվելով հիվանդանոցային պայմաններում ստացիոնար բուժման մեջ`շրջապատված լավագույն բժիշկներով եւ թանկարժեք դեղամիջոցներով, ինչը ապահովվում է Մանվել Գրիգորյանի հարազատների կողմից, վերջինս գտնվում է անդամալույծի կարգավիճակում: «Այսինքն, Հայաստանում եղած միջոցները ոչ միայն բավարար չէին, այլեւ չնպաստեցին, որպեսզի Մանվել Գրիգորյանը պատշաճ բժշկական օգնություն ստանա»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը` հավելելով, որ սրանով պայմանավորված, դրսի բժիշկներն ահազանգում են`նրան անհապաղ տեղափոխել արտասահմանյան այն կլինիկա, որտեղ վերջինս վիրահատվել է եւ տարիներ շարունակ բժշկական օգնություն է ստացել:

Օրենքով սահմանված կարգով այսօր պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն: Նույն գրությունից մեկ օրինակ այսօր ներկայացվեց դատարանին, մեկ օրինակ էլ ուղարկվել է ՄԻԵԴ, քանի որ ՄԻԵԴ-ում է գտնվում «Գրիգորյանն ընդդեմ ՀՀ»-ի գործը`կապված նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգման հետ:

Ըստ մեր զրուցակցի, նման դեպքերում, երբ հարցը վերաբերում է անձի կյանքին, պետական մարմինները պարտավոր են արձագանքել ժամերի կամ առավելագույնը մեկ-երկու օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Հիշեցնենք նաեւ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, վերջերս որոշեց փոխել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը: Այդ նիստը հրավիրվել էր ՀՀ դատախազության նախաձեռնությամբ: Նախքան դատավորի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը, մեղադրող դատախազը խնդրել էր կալանքի փոփոխության վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի առնել երկրից Մանվել Գրիգորյանի չհեռանալու մասին հանգամանքը, այսինքն` գոնե ստորագրություն չհեռանալու մասին:

Մանվել Գրիգորյանն արդեն ծանր վիճակում էր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Իսկ մինչ այդ, դատարանը քանիցս մերժել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունները՝ խափանման միջոցը փոխելու մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031