Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի եղբայր, օրեր առաջ գրավի դիմաց ազատ արձակված, Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը մարտի 10-ին տեղի ունեցած ասուլիսին վստահեցրեց՝ զուտ նրա համար, որ վկան սպա է, պետք է հավատալ նրա ցուցմունքին, դա սխալ մոտեցում է:
Նա նշեց, որ տեսաձայնագրությամբ ապացուցվում է այն, որ Զավեն Գրիգորյանը դեպքի վայր է հասնում այն ժամանակ, երբ դեպքն ավարտվել է, ինչի մասին նա առաջին օրն էլ նշել է:
Պաշտպանը վստահեցրեց՝ սուտ ցուցմունք է տրվել Զավեն Գրիգորյանի նկատմամբ. «Սուտ ցուցմունք է տրվել, սուտ մատնություն է կատարվել Զավեն Գրիգորյանի նկատմամբ: Հայտարարում եմ, որ յուրաքանչյուր ոք, ում նկատմամբ չկա ուժի մեջ մտած դատական ակտ, համարվում է անմեղ, սակայն մենք ամեն ինչ անելու ենք, եթե անգամ սպաները զղջան, տան իրականությանը համապատասխան ցուցմունքներ, անելու ենք ամեն ինչ, որ քրեական գործ հարուցվի սուտ մատնության հատկանիշներով, և անձինք կրեն պատասխանատվություն»:
Լևոն Սահակյանը նկատեց՝ սպաները Հարություն Գրիգորյանի, Զավեն Գրիգորյանի նկատմամբ տալիս են ցուցմունքներ, բայց պարզ հարցին՝ ինչպե՞ս պատահեց, որ դուք այդտեղ էիք, և Հարություն Գրիգորյանը միայնակ կարողացավ Արամ Մխիթարյանին և ձեզ ծեծի ենթարկել, նրանք պատասխանել են, որովհետև մենք գիտակցում էինք, որ վեճը ծագել է մեզնից. Արան հարբած էր:
Կարդացեք նաև
Պաշտպանն ասաց. «Տալիս են ցուցմունքներ, որոնք ուղղակիորեն վկայում են այն մասին, որ կոնֆլիկտի մեջ Արա Մխիթարյանի հետ եղել է բացառապես Հարություն Գրիգորյանը: Սակայն հետագայում, երբ մեղադրանք է առաջադրվում միայն 112-րդ հոդվածի առաջին մասով, որը 3-7 տարի է սահմանում, դրա հետ տուժող կողմը չէր կարող համակերպվել: Նրանք նույնպես չէին կարող հայտնել Արամ Մխիթարյանի հորը: Այն վկաները, որոնք նույնիսկ շտապօգնություն չեն զանգել Արամ Մխիթարյանի համար, չէին պատմել նրա հորն այդ ամենը»:
Պաշտպանն ասաց, որ հետագայում մշակվել է այլ սցենար, որ Հարություն Գրիգորյանի հետ եղել են նաև այլ անձինք: Նրա հավաստմամբ՝ այդ թիվն ամեն ամիս ավելանում էր: Այս առիթով Լևոն Սահակյանը մանրամասնեց. «Նրանք հիշեցին, որ դեպքի վայրում դեպքից հետո տեսել են Զավեն Գրիգորյանին: Անպայման գոնե մեկ անուն պետք է տային, որ արարքը քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակվեր: Եվ առավել լավ թեկնածուն, քան Զավեն Գրիգորյանն էր՝ Հարություն Գրիգորյանի եղբայրը, նրանք չգտան: Ու ցուցմունքներ տվեցին: Սակայն մի բան լավ չեն հաշվարկել, որ Զավեն Գրիգորյանը միգուցե դեպքի պահին դեպքի վայրում չի գտնվել: Վաղը գուցե անհերքելի ապացույցներով ապացուցվի, որ նա դեպքի ժամանակ դեպքի վայրում չի եղել: Այդ անհերքելի ապացույցներից են տեսաձայնագրությունները, հեռախոսային խոսակցությունների վերծանումները»:
Լևոն Սահակյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ անելու են ամեն ինչ, որ սուտ ցուցմունք տված անձինք պատասխանատվություն կրեն, ինչի պատճառով և Զավեն Գրիգորյանին հինգ-վեց ամիս պահել են անազատության մեջ. վախեցել են նրան ազատ արձակելուց հասարակական ճնշման ազդեցությունից խուսափելու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Ա1+»-ի