Ինչպես արդեն հաղորդել ենք, Նիկոլ Փաշինյանը այսօր քարոզչական հավաքի վերջում հարց ուղղեց «Ոչ»-ի շտաբին՝ արդյոք 2013-ին Սերժ Սարգսյանը օրինական ճանապարհով է ընտրվել նախագահ: Հարց երկրորդ՝ 2008-ին արդյոք Սերժ Սարգսյանը օրինական ճանապարհով է ընտրվել: Երբ այս երկու հարցին պատասխանեն, ըստ Փաշինյանի, հասկանալի կլինի՝ նրանք օրինականության մասի՞ն են մտածում թե՞ թիկունքում կանգնած «ոչ»-իստների մասին են մտածում:
«Ո’Չ» քարոզչության կողմն ի պատասխան Փաշինյանի հարցադրմանը հանդես է եկել հայտարարությամբ. «Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է:
Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը և կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա:
Մենք քաղաքական հակառակորդ չենք։ Մենք մյուս բևեռ չենք։ Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում և արձանագրելու են քարոզարշավի բոլոր խախտումները և հրապարակելու ենք դրանք»: