Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Մեքենան, ուղղաթիռը, ինքնաթիռը ճոխություն չի, այլ՝ փոխադրամիջոց». Փաշինյանը բացատրում է, թե ինչու է ուղղաթիռով եկել քարոզարշավի՝ բյուջեի հաշվին

Մարտ 10,2020 16:06

Այսօր Ագարակի ճանապարհին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր ունեցավ ու տեսանելի էր, թե ինչպես են «այո»-ի քարոզարշավի մեկնում ուղղաթիռով: Վարչապետի հետ էին նրա կինը՝ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մրգով, բարձր տրամադրությամբ գնում էին քարոզարշավի: Այս տեսարանը, նաեւ պետական միջոցների ծախսերի քննարկման առարկա է դարձել:

Քաջարանում Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու են ուղղաթիռով եկել. «Այսօր առավոտ թարմ թեմա են գտել, որ ես Երեւանից ուղղաթիռով եմ եկել Ագարակ, օրենքի կոպիտ խախտում են գտել, թե պետական տրանսպորտային միջոցով եկել է քարոզարշավի մեկնարկի: Նրանք, ովքեր չեն նկատել՝ Մեղրիից այստեղ էլ եմ եկել պետական մեքենայով: Ինչի՞ եմ եկել պետականով, որովհետեւ, ժողովուրդ ջան, էդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն, վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա եւ նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից: Հիմա եթե ես նույնիսկ այստեղից փախնեմ, այս բոլոր ժողովուրդն իմ հետեւից վազելու են, որ բռնեն: Նման մի դեպք եղել է, ընտանիքով փախել էինք, իրենք բոլոր տագնապ էին հայտարարել ու Երեւանում մեզ էին փնտրում: Ո՞ւր պիտի փախնեինք, վերջը չկարողացանք: Օրենքն ասում է, որ պետական պահպանության ենթակա անձանց վրա օրենքի սահմանափակումները, որ չի կարելի աշխատանքային գործունեության միջոցներն օգտագործել քարոզչության ժամանակ, չի տարածվում, որովհետեւ սա ոչ թե քարոզչություն է, սա պետական պահպանություն է, որից ես չեմ կարող հրաժարվել»:

Փաշինյանն ասաց, որ երբ ինքը ուղղաթիռով է գնում մի տեղ, գրում են ու դրանով ուզում են ցույց տալ, թե վարչապետ է դարձել ու ճոխությունների սիրահար է. «Նախ, եթե վերաձեւակերպելու լինենք Օստապ Բենդերի խոսքերը, ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց: Եվ եթե պետք է ինչ-որ տեղ գնալ ուղղաթիռով, այս նույն մեքենան էլ ճոխ մեքենա է: Պետական պահպանության ենթակա անդամներին տրամադրվում են փոխադրամիջոցներ, որոնք անվտանգության ինչ-որ չափանիշների պետք է համապատասխանեն: Որ գրում են՝ ուղղաթիռով գնաց, այդ ուղղաթիռը պետական սեփականություն է, իմիջիայլոց, նաեւ ինքնաթիռը, մեքենան: Այդ ուղղաթիռը պարտադիր թռիչքային ժամեր ունի, աշխատանքային վիճակի լինելու իր արժեքը չկորցնելու համար պետք է թռնի: Ես ամիսներով չեմ օգտագործում, վերջին անգամ մի 4 ամիս առաջ եմ ուղղաթիռով գնացել: Ուղղաթիռի անձնակազմը պետք է դատարկ այդ ուղղաթիռը բարձրացնի, թռցնի, աշխատացնի, որպեսզի այդ ուղղաթիռը չփչանա: Այսինքն, նյութ եմ տալիս, կարող են ասել՝ առանց վարչապետի ուղղաթիռը թռցնում են՝ պետբյուջեի հաշվին»:

Ապացուցելու համար, որ ինքը ճոխությունների սիրահար չէ, վարչապետն ասաց. «Ես այսօր իմ աշխատասենյակում նստում եմ այն աթոռի վրա, որ աթոռի վրա երկու տարի նստել է Կարեն Կարապետյանը: Իմ աշխատասենյակում ես ոչ մի բան բացարձակ չեմ փոխել, մտել եմ, ինչ եղել է, նույնը մնացել է: Համակարգիչն էր փչացել, փոխվել է, մեկ էլ հեռուստացույց է մի հատ փչացել, փոխվել է: Այդ խոսակցություններն անհեթեթ են, մեքենան, ուղղաթիռը, ինքնաթիռը ճոխություն չի, այլ՝ փոխադրամիջոց»:

Նիկոլ Փաշինյանը հավաքի վերջում հարց ուղղեց «ոչ»-ի շտաբին՝ արդյոք 2013-ին Սերժ Սարգսյանը օրինական ճանապարհով է ընտրվել նախագահ: Հարց երկրորդ՝ 2008-ին արդյոք Սերժ Սարգսյանը օրինական ճանապարհով է ընտրվել: Երբ այս երկու հարցին պատասխանեն, ըստ Փաշինյանի, հասկանալի կլինի՝ նրանք օրինականության մասի՞ն են մտածում թե՞ թիկունքում կանգնած «ոչ»-իստների մասին են մտածում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում առկա է 3 մլն վարչապետ, ինչպես 1-2 տարի առաջ ասում էր Փաշինյանը, ապա ««ոչ»-իստներին» ևս հասնում է ուղղաթիռ՝ ինչպես իրեն:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031