«Աբովյանի մեր գործընկերը կարծես թե կանխամտածված խեղաթյուրում է, ներողություն այս բառի համար, լղոզում է իրականությունը»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին հայտարարությանը: Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանն ասել էր. «Կարող է գա ժամանակ եւ պարզվի, որ հարուցված քրեական այս գործը կրել է ձեւական բնույթ»:
Մարզպետն այսօր «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին քաղաքապետի հայտարարության մասին ասաց. «Այն օրն իր մամուլի ասուլիսը լսեցինք, որ ասում էր՝ դե, մարդիկ հողերը գնել են, իրենց հողերի վրա կառուցում են, «բլյա-բլյա», 1000 հոգի ներգաղթ, 1000 բնակարան»:
Ապա մարզպետը նշեց՝ 2019-ի փետրվարին Կոտայքի մարզպետարանն Աբովյանի քաղաքապետարանում իրականացրել է վարչական վերահսկողություն, 8-10 էջանոց ակտ է կազմվել, որտեղ մատնանշված են առերեւույթ խախտումները՝ ընթացակարգային, ֆինանսական, քաղաքաշինական, հողային եւ այլն: Հետո օրենքով սահմանված կարգով այդ փաստերը փոխանցել են դատախազությանը՝ իրավական գնահատական տալու:
Քրեական վարույթում գտնվող այդ խնդրահարույց գործի՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից իրականացվող շինաշխատանքների մասին մարզպետն ասաց՝ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի հարակից տարածքում մեկ տասնյակի հասնող շենք-շինությունների հիմքերի աշխատանքների իրականացման վերաբերյալ քաղաքապետարանում փաստաթուղթ գոյություն չունի, շինհրապարակի մի զգալի հատվածի նկատմամբ որեւէ մեկի սեփականությունը գրանցված չէր. «Այդ ամբողջ շինհրապարակը, որտեղ կառուցվում են 19 շենք-շինություններ, 5,4 հեկտար է, որից 3,7-ը համայնքային է, որտեղ ինքնակամ շենք-շինությունների կառուցումը չկասեցնելը, հետեւանքները չվերացնելը եւ օրինական գործընթաց չհարուցելը ենթադրում է քրեական պատասխանատվություն»:
Կարդացեք նաև
Ռոմանոս Պետրոսյանը կասկածի տակ է դնում քաղաքապետի նշած այն հանգամանքը, թե 200 եւ 400 հազարական դրամի տույժ է կիրառել խախտում թույլ տված կառուցապատողի նկատմամբ: Ըստ մարզպետի, տույժը պետք է 2,5 միլիոն դրամ լիներ:
Մարզպետը նաեւ վստահեցրեց՝ կառուցապատողը կարող է տույժը վճարել ու շարունակել իր գործունեությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ