Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարը եկել է, ասել է, որ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք». Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Քաջարանում

Մարտ 10,2020 15:47

«Հրապարակում եղավ, համաձայն այդ հրապարակումների եւ գործի նյութերի, ասվեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, որը Հրայր Թովմասյանի սանիկն է, այն ժամանակներում, երբ որ Մարտի 1-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել ՍԴ ու նրա ելումուտը չի արձանագրվել սահմանված կարգով:  Այդ փաստի առիթով հետաքննություն սկսվեց, ոստիկաններին հրավիրեցին, ասացին՝ ինչի՞ չի արձանագրվել իր մտնելն ու դուրս գալը: Այդ ոստիկանները բացատրություն են տվել, ասել են՝ որովհետեւ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարը եկել է, ասել է, որ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»,- այսօր Քաջարանում «այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Հ1-ի այդ հրապարակման առնչությամբ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր փաստաբան Արամ Օրբելյանը դիմել է դատարան՝ իր հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների տարածման հետևանքով հասցված վնասի հատուցման հայցով:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց. «Փաստորեն, ստացվում է, որ ՍԴ դատավորը, անդամը, ՍԴ նախագահը շփվել է գործով շահառուի հետ ու այնպես է արել, որ այդ շփումը դե յուրե չարձանագրվի: Այս պայմաններում գոնե պետք է մի հատ ՍԴ-ն կարգապահական վարույթ հարուցեր, հասկանար՝ ինչ-որ խնդիր կա՞, թե՞ չէ: Բայց ՍԴ-ն որեւէ ռեակցիա այս իրավիճակին չտվեց: Հետեւաբար, սա նշանակում էլ, որ ՍԴ-ն, ըստ էության, հրաժարվում է կատարել իր գործառույթները, իշխանությունն ուրիշ իշխանությանը զրկում է համանման իր գործառույթներից: Իրենք իրենց շուրջ մի հատ պարիսպ են կառուցել, ասում են՝ մենք ՀՀ-ում բարձրագույն ատյան ենք, մեր ասածը ոչ մեկը չի կարող բողոքարկի, ոչ մեկը չի կարող քննարկել, մեզ ընդհանրապես ոչ մեկը բան չի կարող ասի»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոնց որ ժողովուրդը վարչապետի պաշտոնը վերցրեց Սերժ Սարգսյանից, նույն ձեւով էլ ժողովուրը պիտի ՍԴ նախագահի պաշտոնը վերցնի Հրայր Թովմասյանից: Ըստ նրա՝ «Հրայր Թովմասյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկին շնորհի կամ նվիրի: Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկին նվիրի, ՀՀ իշխանությունը պատկանում է միայն ՀՀ ժողովրդին: Բա հարց կտաք՝ վարչապետը, նախարարը, պատգամավորը բան չի՞ որոշում: Իհարկե, որոշում է, բայց մի պայմանով՝ ժողովուրդը նրան լիազորել է որոշել կոնկրետ հարցեր, որոշում է այն սահմաններում ու այն ժամանակահատվածում, ինչքան ժողովուրդը համարում է, որ կարող է այդ որոշումը կայացնել»:

Ըստ վարչապետի, ՍԴ-ի այն մարդիկ, որոնց հիմա տուն են ուզում ուղարկել, պատասխանատու են ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների՝ կոռուպցիայի, ապօրինությունների, կեղծիքների, բեսպրեդելի համար, որովհետեւ ՍԴ 7 անդամները իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամակատարն են եղել. «96-ին, այո՛, նաեւ առաջին նախագահի՝ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել: Նրանք երբեք ինքնուրույն դատավորի առաքելություն չեն ունեցել, նրանք արժանի չեն ՀՀ դրոշի եւ զինանշանի ներքո հանդես գալու, եւ նրանք պետք է գնան տուն»:

Նա ասաց, որ հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հանկարծ Սերժ Սարգսյանի կամակատար դատարանի փոխարեն ձեւավորվի Նիկոլ Փաշինյանի կամակատար դատարան, դա ավելի վատ կլինի. «Նրանք գոնե ի սկզբանե մենք բոլոր իմացել ենք, որ եկել են խաբելու, թալանելու, հարստանալու համար, բայց մենք ձեզ խոստացել ենք, որ մենք գալիս ենք հանուն արդարության, ազնվության ու օրինականության: Եթե մենք հիմա դա փոխարինենք մեր կամակատար դատավորներով, մենք ձեզ կդավաճանենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031