Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի 5 դպրոցներում պարզված փաստերի առթիվ 4 քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Մարտ 10,2020 15:37

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրություններ հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառվածության վերաբերյալ:

Այդ շրջանակներում, Տավուշի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով Տավուշի մարզպետարանից պահանջվել և ստացվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց վերաբերյալ տվյալները։ Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նշված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու և նրանց վարձատրության հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ:

Իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին՝ մասնավորապես գիշերային պահակի, հնոցապանի, հավաքարարի, դռնապանի, բակապահի, ընդհուպ ուսուցչի և փոխտնօրենի հաստիքներին 2009-ից մինչև 2019թթ., տարբեր ժամանակահատվածներում, նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ: Առանձին դեպքերում պարզվել են նախածննդյան և հետծննդյան արձակուրդ ձևակերպելու համար ժամանակավոր տարբեր հաստիքների վրա անձանց ձևակերպելու, կամ առհասարակ հանրապետությունից բացակայելու պայմաններում, առանց աշխատանքի ներկայանալու և աշխատանքային պարտականությունները կատարելու նրանց անվամբ աշխատավարձի գումարներ դուրս գրելու դեպքեր:

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների պատշաճ հսկողության ներքո ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում մարզի թվով 5 դպրոցներում՝ մասնավորապես Պտղավանի, Զորականի, Խաչարձանի Ազատամուտի, Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում պարզված նման փաստերի առթիվ 4 քրեական գործ է հարուցվել: Քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի տարբեր մասերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն: Խաչարձան բնակավայրի միջնակարգ դպրոցում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ հաշվի առնելով, որ դպրոցի նախկին և ներկա տնօրենները զղջացել են կատարած արարքների համար, վերականգնել պատճառված վնասի մեծ մասը՝ պարտավորվելով վերականգնել նաև մնացածը:

Նշված բոլոր առերևույթ չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 22.7մլն ՀՀ դրամ:

Ոլորտում իրականացվող ուսումնասիրությունները շարունակվում են:

ՀՀ դատախազության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031