Ժնեւի Victoria Hall սրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ մեցցո սոպրանո Էլինա Գարանչայի մենահամերգը, որը կազմակերպել էր «Ավետիս» մշակութային միությունը` ի դեմս շվեյցարաբնակ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանի:
Մեր հայրենակցուհին Aravot.am-ին հայտնեց, որ Կանանց տոնին նվիրված համերգին, հնչել են Շումանի, Բիզեի, Սեն-Սանսի եւ այլոց երկերը, սարսուելաներ, արիաներ տարբեր օպերաներից: Ծրագրում էր նաեւ Լուչիանո Բերիոյի Folk songs շարքից «Լուսինն ելավ» երգը, որը Բերիոն մշակել էր իր կնոջ` հայազգի երգչուհի Քեթի Բեբերյանից լսելով:
Վարդուհի Խաչատրյանի հավաստմամբ, համերգն անցել է լեփլեցուն դահլիճում, չնայած նրան, որ կորոնավիրուսի պատճառով Շվեյցարիայի տարածքում բոլոր միջոցառումները հանվել են: Համերգին ներկա են եղել Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ եւ պաշտոնյաներ:
Էլինա Գարանչան ոգեւորված էր համերգից եւ ցանկություն է հայտնել հանդես գալ նաեւ Հայաստանում:
«Ավետիսն» այժմ պատրաստվում է իր հաջորդ համերգին, որը տեղի կունենա Նյու Յորքի Carnegie Hall-ում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ