Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «այո»-ի քարոզարշավն իրականացրեց Մեղրիում:
Հանրահավաքի ժամանակ իր ելույթում նա, խոսելով նախկին իշխանությունների մասին, ասաց, որ Սահմանադրությունն այնքան են խճճել իր տեքստով, ենթատեքստերով, միջազգային հարթակներում այնքան են խառնակչություններ արել. «Մեզ ասում են՝ իբր այս կառավարությունը մեր ազգային արժեքների դեմ է, պրոեվրոպական է, պրոարեւմտյան: Իրենք այդպես ասում են, հետո վազում են Եվրոպայի միջանցքներում սկսում են աղիողորմ լացել, թե բա՝ մեզ ճնշում են Հայաստանի Հանրապետությունում, եվրոպացինե՛ր ջան: Ինչի՞ եք գնացել եվրոպացիներին դիմում, եկեք ձեր ժողովրդին ասեք, ասեք՝ մեզ ճնշում են: Հլը դուրս եկեք ժողովրդի մոտ: Ընդհակառակը, մեզ այսօր ժողովուրդը քննադատում է, ասում է՝ դրանց շատ եք նեյնիմ-նեյնիմ անում, ի՞նչ է, կարո՞ղ է բան է եղել»:
Հանրահավաքի վերջում Նիկոլ Փաշինյանը հորդորեց տուն ուղարկել բոլոր ընտրակեղծիքների տանիք դարձած ՍԴ-ն ու արտասանեց հանրաքվեի առիթով գրած իր բանաստեղծությունը.
Կարդացեք նաև
Հեղափոխությանը ասում եմ՝ այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,
Իր վաղվա օրվան ժպիտով նայող
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:
Արդարությանը ասում եմ՝ այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի
Հանցանքին արժան պատասխան տալու
Եվ հատուցելու ահեղ սարսափից:
Ազատությանը այո եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
Երկար տարիներ դավերով բազում
Ինձանից խլված արժեն այդ հազիվ:
Այո եմ ասում նոր Հայաստանին՝
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ,
Եվ ժողովրդիս ասում ընտանիք,
Եվ հայրենիքիս՝ օջախ հարազատ:
Հեղափոխությանը ասում եմ՝ այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,
Իր ապագային ժպիտով նայող
Ժողովուրդը մեծ՝ հպարտ, միացյալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ