Քարոզարշավային որոշ դրվագներ հանգստյան օրերին լայն քննարկման առարկա դարձան։ Հատկապես մեծ ուշադրության արժանացավ «բուկլետ շպրտելու» դեպքը։ Բայց պարադոքսն այլ տիրույթում էր. շատերն արարքը անդաստիարակ որակեցին՝ օգտագործելով հայհոյախառն արտահայտություններ, այսինքն՝ տեղավորվելով ավելի անդաստիարակ վարքագծի տրամաբանության մեջ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս ամենը Հայաստանում ստեղծված մթնոլորտի հետևանքն է համարում։
«Խոսքն այն մթնոլորտի մասին է, որը ստեղծվեց, այսպես կոչված, հետհեղափոխական շրջանում։ Իսկ հեղինակը հենց իշխանությունն է, որն առաջինը հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների՝ չփորձելով շփման եզրեր գտնել հասարակության այն զանգվածի հետ, որը չընդունեց հեղափոխությունը կամ հետագայում հիասթափվեց հեղափոխությունից։
Բացի այդ, համապատասխան մեթոդներով, այդ թվում՝ ֆեյքերով, իշխանություններին սպասարկող կամ երկրպագող սոցցանցային ակտիվիստների միջոցով սկսեցին բացահայտ հետապնդել այն բոլոր անձանց, որոնց մտքերը չէին համապատասխանում իրենց շահերին ու քաղաքականությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Հաշվի առնելով վերոնշյալ դեպքը՝ նա շեշտեց. «Իշխանությանը երկրպագողները վերոնշյալը բնութագրեցին անդաստիարակություն։ Այո, երիտասարդ աղջկա պահվածքը մի փոքր կոպիտ էր, բայց խնդիրն այլ երանգներ ունի։ Նախ՝ մի բան է հետաքրքիր. ովքեր այդքան ջանադրաբար պաշտպանում են իշխանությանը, ընդգծված հատուկ բառապաշարով անդաստիարակ որակումն են տալիս, տեսե՞լ են, թե ժամանակին նույն Փաշինյանը և իր թիմակիցներն ինչպես էին բուկլետներ շպրտում Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա։ Եթե այդքան կոռեկտ ու արդար են, լավ կլինի՝ չառաջնորդվեն երկակի ստանդարտներով։ Թող իշխանությունները չմտածեն, թե ինչ իրենց կարելի էր, մյուսներին չի կարելի։ Մեծ հաշվով, սրանք այն պտուղներն են, որ այսօրվա իշխանությունը ստանում է իր վարած քաղաքականության արդյունքում»։
Կարդացեք նաև
Մյուս կողմից՝ քաղաքագետը շեշտեց, որ նման անառողջ մթնոլորտը ձեռնտու է այս պահի իշխանությանը։ «Իշխանությանը ձեռք է տալիս հասարակության քաղաքականապես անգրագետ մնալու հանգամանքը։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: