Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «այո»-ի քարոզարշավն անցկացրեց Մեղրիում: Նա նախ շրջեց Ագարակում, իսկ Մեղրիում հավաքի ժամանակ ելույթ ունեցավ:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ Սահմանադրություն են ժառանգել Սերժ Սարգսյանից, որն ասում է՝ 6 տարին մեկ ՍԴ նախագահը պետք է փոխվի. «Երբ իրենց մեկնաբանությանն ենք նայում, ե՞րբ պետք է դա տեղի ունենա՝ 2035 թվականին: Այսինքն, ՍԴ նախագահի երկու ընտրություններ այդ մարդիկ չեղյալ են հայտարարել: Դա նույնն է, որ 2018-ին ես ընտրվել եմ վարչապետ, կամ խորհրդարանի ընտրություն է եղել, հաջորդ ընտրությունները պետք է լինեն 2023-ին ու մենք խորհրդարանում ձեր ձայնով ունենք մեծամասնություն: Պատկերացրեք, մենք գնանք մի հատ օրենք ընդունենք, ասենք՝ չէ, ժողովուրդ ջան, ընտրել եք՝ լավ եք արել, մինչեւ 2035-ը Հայաստանում խորհրդարանի ընտրություններ չեն լինելու, որովհետեւ իրավակիրառ գիտահետազոտական դմփդմփիկը տենց մի հատ ինչ-որ բան է նշանակում: Ես էլ ասում եմ՝ դե, ընտրել եք վարչապետ, ժողովուրդ ջան, մինչեւ 2035-ը վարչապետ եմ լինելու, նման բան ո՞նց կլինի: Սա աբսուրդ է: Բայց հիմա հարց՝ ո՞նց են այդ մարդիկ հաջողացրել այդ բանը: Չնայած մեր Սահմանադրության մեջ նկարագրվել է, իրենք Սահմանադրության անցումային դրույթներում՝ էն ամենավերջում փոքր տառերով գրել են՝ այս փոփոխությունները չեն վերաբերում այն դատավորներին, որոնք ընտրվել են հին կարգով: Դա ոչ թե արել են հին դատավորների համար՝ ասել են՝ մեր դատավորներն են, կեղծված ընտրությունները մեզ համար լեգիտիմացրել են:
Դա արել են այսպես, Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը նստած մկրատով Հայաստանի ոլորտները բաժանելիս են եղել, պարզ հարց է եղել՝ եթե Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի համար ստեղծում է հնարավորություն, որ նա ցմահ լինի ՀՀ ղեկավար, հո Սերժ Սարգսյանը էժան տղա չի, ջոմարդ է չէ, պիտի ասի՝ դու էլ ցմահ պիտի լինես ՍԴ նախագահ, Հրա՛յր ջան… Էն որ ասում են՝ քանի քեռին սաղ է, ինքը պիտի շոկոլադ ուտի, այս մարդու շոկոլադը պիտի մինչեւ 2035-ը մատակարարենք: Բռնել են որոշել են, որ պետք է ՍԴ նախկին նախագահը՝ Գագիկ Հարությունյանը, հրաժարական տա իր պաշտոնավարումն ավարտվելուց 25 օր առաջ: Ընդ որում, հիմա ասում են, թե Գագիկ Հարությունյանի հրաժարականը կապված է նրա հետ, որ նա ընտրվել է ԲԴԽ նախագահ: Չկա նման բան, իր՝ ԲԴԽ նախագահ դառնալու կարգավիճակն ուժի մեջ էր մտնելու նոր Սահմանադրության հետ ապրիլի 9-ից, բայց իրեն ասել են՝ Գագիկ ջան, դե давай до свидания, պիտի գնաս»:
Վարչապետը հայտարարեց, որ ՍԴ-ն «քոչարյանասերժական իշխանության» վերջին մնացորդն է ու այդ մնացորդից պետք է ժողովուրդը ապրիլի 5-ին ազատվի. «Անտեսանելի ձեռքերը պետք է կտրենք սահմանադրական հանրաքվեով, դրանց բոլորի շոշափուկները, իրենց կեղտոտ ձեռքերով, որ ուզում են Հայաստանը հետ գլորեն դեպի կոռուպցիայի, հուսահատության, բեսպրեդելի, օլիգարխիայի, հաստագլուխերի ժամանակները, այդ անտեսանելի ձեռքերը մենք սահմանադրական հանրաքվեով պետք է կտրենք, ժողովուրդ ջան»:
Կարդացեք նաև
Փաշինյանը խոստացավ, որ իր «ձեռները կկտրի», բայց թույլ չի տա, որ ՀՀ-ում ընտրություններ կեղծվեն. «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ վե՛րջ, չքննարկեք, որեւէ մեկը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ