Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Էրդողանը եւ Պուտինը փորձում են «կրկնել» պատմությունը

Մարտ 10,2020 22:00

Միասնական Ազատ Եվրոպայի գաղափարի ճգնաժամն է, որ ծնեց ավտորիտար դուրսպրծուկների, որոնց սկսեց թվալ, թե նրանք «անբարոյական» Արեւմուտքի այլընտրանքն են, ավելին, որ ահա եկել է ժամանակը «վերջին հարվածի»։ Եվ այսօրվա Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական «դեֆիլեն» եվրոպացիների նյարդերի հաշվին հնարավոր է դարձել հենց դրա՛ «շնորհիվ»։

Թե՛ Մոսկվայում, թե՛ Անկարայում վերածնվել են նեոկայսերապաշտ գաղափարները, որոնց իրականացման մարմաջն է մեծապես ապակայունացնում Եվրոպան եւ Մերձավոր Արեւելքը։

Սնուցվելով Կրեմլի հիվանդագին հակաարեւմտականությունից, Էրդողանը փորձում է «կրկնել» պատմությունը, բայց հաշվի առնելով անցյալի աղետալի փորձը. նա ուզում է դա անել ոչ թե առճակատվելով, այլ օգտվելով Ռուսաստանի հնարավորություններից, ռազմավարական առումով պայմանավորվելով Ռուսաստանի հետ։

Քիչ այլ է Մոսկվայի պարագան. Կրեմլը կարծես ոչ միայն ոչ մի դաս չի քաղել անցյալից, այլեւ ցուցաբերում է այդ դասերը քաղելու տոտալ անկարողություն։ 1836-ից լծված լինելով «Եվրոպայի հիվանդ մարդու» պերմանենտ փրկության անհույս գործին, ռուսները քաղաքական կուրության պատմական «մաստեր-կլասով» չբավարարվելով, որոշել են «կրկին փորձել», ուղղակի խաղալով կրակի հետ։ Թե ատոմային էլեկտրակայան նվիրելը կամ գազ չունեցող Թուրքիային գազային հաբի վերածելը եւ արդիական ՀՕՊ համակարգերով զինելն ինչպիսի իրողությունների առաջ կկանգնեցնի հենց իրեն՝ Ռուսաստանին՝ դա, ինչպես ասում են, քարը գլուխը, դրա մասին թող ռուսները մտածեն։ Սակայն, լինելով տարածաշրջանում ուժի կենտրոն, նման արկածախնդիր եւ անպատասխանատու քաղաքականություն վարելով ռուսներն ինչ ապակայունացում կարող են մտցնել ողջ տարածաշրջանում՝ դրանից արդեն կսկսի մե՛ր գլուխը ցավել։

Պուտին-Էրդողան մոսկովյան հանդիպումը ցույց է տալիս, թե ինչ կարգի եւ որակի «այլընտրանքների» հետ գործ ունի քաղաքակիրթ աշխարհը։ Բավարարվելով կարճաժամկետ կառավարելիության ապահովմամբ, ԱՄՆ-ը ողջունել է ձեռք բերված պայմանավորվածությունները, մինչդեռ բոլորին պարզ է, որ թե՛ նրանց ստորագրած փաստաթղթերը, թե՛ տված խոստումները՝ ավելի հուսալի չեն «բռնվելու» տեսակետից, քան լեռների քամին, ուստի լավագույն դեպքում սա մի «հաշտեցում» է, որի կյանքի տեւողությունը մինչեւ հաջորդ սրացումն է, եւ այն կարող է պայթել ցանկացած պահի։

Փորձելով ապահովել իր արեւմտյան թիկունքը, Էրդողանը նույնպես փորձում է «կրկնել» պատմությունը։ Իսկ այստեղ նա ունի անցյալի success story-ն. Միջնադարում տարբեր ցեղեր իրենց քոչով-բեռով-յուրդերով Ալթայից ներխուժեցին Հյուսիսային Իրան, հետո Հայկական բարձրավանդակ, հետո Փոքր Ասիա, հետո Բալկաններ, մի-քանի դար ահ ու սարսափի մեջ պահելով Եվրոպան։ Սակայն, այսօրվա Եվրոպայի՝ «չեղած տեղից» ահ ու սարսափն ընդամենը գրգռում է Էրդողանի ախորժակը եւ բորբոքում նրա թերուս միտքը, թե փախստականների հարցով «դաշնակից» Եվրոպային շանտաժի ենթարկելով հնարավոր է չեզոքացնել եվրոպական գործոնն իր նեոկայսերական ծրագրերի իրականացման ճանապարհին։

Էրդողանի եւ Պուտինի իրավանախորդների «հիբրիդ մանուկ» Ադրբեջանից եւս ուշի-ուշով հետեւում են, թե ուր է տանում Մոսկվա-Անկարա՝ այս այլասերված սիրախաղը։ Իսկ Երեւանում եւ Թբիլիսիում ողջ լրջությամբ գիտակցվում է դրա ողջ էկզիստեցիալ վտանգը, այն հաղթահարելու հրամայականը, եւ դա չափազանց կարեւոր խթան է վերանայելու հայ-վրացական հարաբերությունների բովանդակությունը։

Այս պահին դեռ վաղ է ասել, թե ինչով սրան կպատասխանի Արեւմուտքը՝ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը։ Կարծես գազային շանտաժն այլեւս չի աշխատում, իսկ փախստականների հարցի տեսքով Բրյուսելի գլխին պահած ատրճանակը Եվրոպային եւս՝ այլեւս չի տպավորում, եւ նոր բան մտածելու համար լրացուցիչ ժամանակ է պետք։ Եվ օրինաչափական հարց է առաջանում. արդյոք Եվրոպան եւ ԱՄՆ կդրսեւորե՞ն պատշաճ համարժեքություն՝ արժեւորելու հայկական եւ վրացական, ինչպես նաեւ՝ ուրվագծվող համատեղ հայ-վրացական գործոններն իրենց ռազմավարական հաշվարկներում։

Համենայն դեպս, Երեւանը եւ Թբիլիսին իրենց անցնելիք ճանապարհը հաղթահարելու կամքը եւ կարողությունն ավելի քան դրսեւորել են, եւ այդ իմաստով գնդակը վաղուց է Արեւմուտքի դաշտում։ Իհարկե, իրատեսական չէ այսօր Արեւմուտքից սպասել, որ, ասենք, Վրաստանը կարճաժամկետ հեռանկարում կանդամակցի ՆԱՏՕ-ին՝ դրանից բխող 5-րդ հոդվածով, կամ Հայաստանին մինի-«Մարշալի պլան» կներկայացվի, սակայն միանգամայն իրատեսական է, որպեսզի վերը նշված մուտացիաների եւ դասական հիբրիդային սպառնալիքների խորապատկերին Արեւմուտքը շոշափելի քայլեր ձեռնարկի Երեւանի եւ Թբիլիսիի կողմից սուվերեն որոշումներ ընդունելու կարողությունների մեծացման ուղղությամբ, հիմքեր ստեղծելով, որպեսզի կողմերը ստանձնեն որոշակի պարտավորություններ՝ որոշակի ֆորս-մաժորների դեպքում։

Դրա նախադրյալներն ակնհայտ են. Երեւանը եւ Թբիլիսին Բրյուսելի եւ Վաշինգթոնի հետ արժեքների առումով խոսում են նույն լեզվով, սպառնալիքների եւ դրանց հաղթահարման տեսլականները ներդաշնակեցնելու մեծ ներուժ դրսեւորելով։ Կստացվի այդ ներուժին դինամիկա հաղորդել, թե ոչ, իհարկե, ցույց կտա ժամանակը։ Ճիշտն ասած, հաշվի առնելով միջազգային հարաբերությունների ներկայիս իրողությունները, նման հույսերը մեծ չեն, բայցեւ հիմնազուրկ էլ չեն, չնայած ակնհայտ է, որ առավել ռացիոնալ է հույսը դնել հենց մեզ վրա եւ առաջնորդվել ըստ այդմ։

Միեւնույն ժամանակ, ակնհայտ է նաեւ, որ երկու «Եվրոպայի հիվանդ մարդկանց» (լայն իմաստով) արկածախնդրության եւ անպատասխանատվության անընդունելի մասշտաբը մարտահրավեր է ոչ միայն Երեւանի եւ Թբիլիսիի համար, եւ հնարավոր չէ ձեւանալ, թե գործերն ընթանում են սովորականի պես՝ as usual: Իսկ Էրդողանը եւ Պուտինը թող շարունակեն պատերազմն ընդդեմ ժամանակի՝ նավթային շուկայի ցնցումների ֆոնին, այդ գործում նրանք դաշնակիցներ չունեն, նույնիսկ ի դեմս իրար։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031