Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Կարաբեկյան. Միշտ չէ, որ ակադեմիայի ղեկավարության դիրքորոշումը համընկնում է քննարկվող նախագծի ընդհանուր գաղափարախոսության հետ. «Հրապարակ»

Մարտ 10,2020 11:38

«Հրապարակ»-ի հարցազրույցը ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ

– ԳԱԱ գիտաշխատողները դեմ են ակադեմիայի կազմից դուրս գալուն։ Նրանք փակ-գաղտնի քվեարկություններով իրենց կարծիքն են հայտնել, դա հաշվի առնվելո՞ւ է։ Ի վերջո, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին այն ժամանակ էլ, հիմա էլ դեմ են ԳԱԱ բոլոր 34 ինստիտուտները։ Ինչո՞ւ է նախարարությունը նպատակահարմար համարում ակադեմիային հասարակական կարգավիճակ տալը։

– Ես այդքան կատեգորիկ հարցը չէի դնի. երբ բերում եք «ԳԱԱ գիտաշխատողներ» կամ «բոլոր ինստիտուտները» ընդհանրական ձեւակերպումները, դրանով իսկ արդեն բացառում եք գիտության հիմնասյունը կազմող բազմակարծությունը։ Ես թե՛ օրինագծի քննարկման ներկա փուլում, թե՛ նախորդ տարիներին բազմաթիվ շփումներ եմ ունեցել ԳԱԱ

համակարգում աշխատող իմ գործընկերների հետ ու հավատացնում եմ Ձեզ, որ ներկայացվող միակարծությունն այս հարցում, մեղմ ասած, չափազանցություն է։ Ինչ վերաբերում է կարծիք հաշվի առնելուն, ապա օրինագծի քննարկման ողջ ընթացքում մենք թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններից, թե՛ գիտական կազմակերպություններից (այդ թվում՝ ԳԱԱ կազմում գործող) բազմաթիվ կոնկրետ առաջարկություններ ենք ստացել, որոնց զգալի մասն ընդունվել եւ տեղ է գտել լրամշակվող նախագծում։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության (իսկ պետք է հստակ գիտակցել, որ այս՝ ԳԱԱ կարգավիճակի քննարկման համատեքստում խոսքը հիմնականում հենց այդ մարմնի, այլ ոչ ակադեմիայի համակարգում ներկայումս գործող գիտական հաստատությունների մասին է) եւ մի շարք ինստիտուտների հետ հանդիպումներ են եղել, ուշադիր լսվել են նաեւ կարծիքները՝ նախարարն Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներին իր խոսքում շեշտել է դա, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել օրինագծի տրամաբանության համատեքստում լրացուցիչ առաջարկություններ ներկայացնել։ Այնպես որ, նախարարությունը մշտապես բաց է եղել կառուցողական առաջարկությունների համար։

Այլ բան է, որ միշտ չէ, որ ակադեմիայի ղեկավարության դիրքորոշումը համընկնում է քննարկվող նախագծի ընդհանուր գաղափարախոսության հետ, որն է՝ առավելագույն պայմաններ ստեղծել գիտական եւ կրթական հաստատությունների ինքնակառավարման համար։

Առհասարակ, պետք է նկատի ունենալ, որ օրենքի նախագիծը որեւէ կերպ չի կանխորոշում Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական կազմակերպությունների հետագա կարգավիճակը եւ ենթակայությանն առնչվող խնդիրները։ Օրինագիծը նախատեսում է, որ գիտական կազմակերպությունները (իսկ ակադեմիայի կազմում գործող գիտական հաստատություններն ունեն պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավիճակ) կունենան կառավարման խորհուրդներ, այսինքն՝ կունենան ինքնակառավարման ավելի բարձր կարգավիճակ՝ իրենց թե՛ կազմակերպական, թե՛ հետազոտական գործունեությունն ինքնուրույն որոշելու։

Իսկ թե ինչպես դրանք կկառուցեն իրենց հարաբերություններն ակադեմիայի նախագահության հետ, կորոշեն ինքնուրույն։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031