Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 9-ին հայտարարություն է տարածել, որով ուղևորներին տեղեկացնում է կորոնավիրուսի պատճառով թռիչքների հավելյալ կրճատման մասին: Կրճատումը վերաբերում է մասնավորապես ներիտալական, դեպի Իտալիա և Իտալիայից մեկնող թռիչքներին:
Տեղեկատվության համաձայն՝ ավիաընկերությունը մինչև ապրիլի 8-ը դադարեցնում է ներիտալական թռիչքները, ինչ վերաբերում է դեպի Իտալիա և Իտալիայից մեկնող միջազգային չվերթներին, ապա դրանք կիրականացվեն հատուկ ժամանակացույցով՝ շաբաթական չորս օր՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի և երկուշաբթի: Ավիաընկերությունը տեղեկացնում է, որ թռիչքի ցանկացած փոփոխության դեպքում ուղևորները էլեկտրոնային ծանուցում կստանան, հարկ եղած դեպքում նրանց կառաջարկվի այլ չվերթ, դրամական փոխհատուցում, ճամփորդական վարկ:
Նշենք, որ Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի վարակի պատճառով մարտի 10-ից հայտարարել են կարանտինի ռեժիմ երկրի ողջ տարածքում, արգելված են զանգվածային միջոցառումները, խիստ սահմանափակվել է նաև մարդկանց տեղաշարժը:
Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը փակել էր երկրի հյուսիսում գտնվող 15 շրջանների մուտքն ու ելքը` կորոնավիրուսի վարակի պատճառով: Լոմբարդիայի և հյուսիսային շրջանի ևս մի շարք բնակավայրերում 16 միլիոն մարդ կարանտինի մեջ է հայտնվել: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կոչ է արել տանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում: Վերջին տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9172-ի, գրանցվել է մահվան 463, ապաքինման 724 դեպք:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ