Եվ այսպես մարտի 5-ին Մոսկվայում Պուտինի և Էրդողանի միջև կնքվեց հետևյալ համաձայնագիրը:
Առաջին
Կողմերն ընդունում են սիրիական բանակի և գրոհայինների շփման սահմանագիծը մարտի 5-ի դրությամբ:
Դա նշանակում է, որ գործնականում թուրքական ազդեցության գոտին Իդլիբի մարզում կրճատվում է ավելի քան երկու անգամ:
Երկրորդ
Կողմերն ընդունեցին, որ անխափան պիտի գործեն ոչ միայն Մ-5 մայրուղին, որը կապում է Դամասկոսը Սիրիայի տնտեսական մայրաքաղաք համարվող Հալեպի հետ, այլև Մ-4 մայրուղին, որը կապում է Հալեպը Լաթակիայի հետ: Վերջինը չափազանց կարևոր է Դամասկոսի համար, քանզի Հալեպը կապվում է ծովի նավահանգիստների հետ:
Հաշվի առնելով, որ Մ-4 մայրուղին անցնում է նաև թուրքական գոտու միջով՝ կողմերը համաձայնել են այդ մասում մայրուղու հյուսիսային և հարավային մասերում ձևավորել 6-ական կմ-անոց անվտանգության գոտի, որը պիտի համատեղ վերահսկեն ռուսական և թուրքական ուժերը:
Երրորդ
Կողմերը հաստատեցին, որ Ասադի բանակը կանգ է առնելու և չի շարունակելու իր առաջխաղացումը, իսկ թուրքական կողմն էլ խոստանում է վերահսկել գրոհայիններին, որպեսզի վերջիններիս զերծ պահի Ասադի բանակի հնարավոր հարձակումներից:
Կրակի դադարեցումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ Մ-4 մայրուղու անվտանգ սպասարկման խնդիրը պետք է սկսի գործել մարտի 15-ից:
Եթե կարճ ձևակերպենք, ապա Էրդողանը «մասնակիորեն» կապիտուլյացիա կնքեց Մոսկվայում, որպեսզի կարողանա կանգնեցնել Ասադի բանակը՝ Իդլիբի մարզի ամբողջական գրավումից:
Ռուսները համաձայնեցին այդ քայլին, քանզի հասկանում էին, որ եթե փոխզիջման չգնային այդ հարցում, ապա Էրդողանի աթոռը Անկարայում վերջնականապես կկոտրվեր, ինչը Մոսկվայի համար ցանկալի չէր լինի:
Ինչպե՞ս իրեն պահեց Արևմուտքն այս հարցում
Արտաքուստ Արևմուտքն իր համերաշխությունը ցույց տվեց Անկարային, սակայն գործնականում, այստեղ ուրախ էին, որ Էրդողանը պարտվեց ռուսներին:
Կարդացեք նաև
Բանն այն է, որ Արևմուտքում ցանկանում են փոխել Թուրքիայում Էրդողանի իշխանությունը՝ քեմալական գործիչով, որպեսզի վերջինս ընդգծված արևմտամետ դիրքորոշում որդեգրի և միաժամանակ ընդգծված հակառուսական դիրքերով հանդես գա: Ինչպես որ դա անում են, օրինակ, Լեհաստանը կամ Ուկրաինան: Այդ իսկ պատճառով այստեղ միտումնավոր չաջակցեցին Էրդողանին ռուսների հետ կոնֆլիկտում: Այս նույն խնդիրը Մոսկվայում Էրդողանը բացատրել է Պուտինին՝ նշելով, որ Արևմուտքը դավադրություն է փորձում պատրաստել իր և Պուտինի դեմ: Պուտինը, ճիշտ է, ըմբռնումով մոտեցավ Էրդողանի բացատրություններին, բայց միաժամանակ նաև նշեց, որ վաղ թե ուշ Իդլիբը պետք է անցնի Ասադի ռեժիմի վերահսկողության տակ:
Սակայն ակնհայտ է, որ մարտի 5–ի համաձայնագիրը խիստ ժամանակավոր բնույթ ունի: Քանզի ակնհայտ է, որ Իդլիբում իրավիճակը խիստ անվերահսկելի է մի շարք պատճառներով: Մի կողմից գրոհայինների մեծ մասը մերժում է Էրդողանի զիջումները՝ նրան համարելով «պարտվողական գործիչ», ով «վաճառում է» Իդլիբի սուննի արաբների բնական շահերը՝ նրանց «փուլային» ձևով հանձնելով Ասադին:
Մյուս կողմից, առանց Իդլիբի մարզի նվաճման, Ասադը չի կարող սկսել իր ամենաբարդ քաղաքական առևտուրը քրդերի հետ, որոնց վերահսկողության տակ է գտնվում այդ երկրի Հարավ-Արևելքը: Ընդ որում, ի տարբերություն Իդլիբի ահաբեկիչների, այստեղ քրդերը ձևավորել են կանոնավոր բանակ, ունեն ամերիկյան անվտանգության հովանոց և տիրում են այդ երկրի ամենահարուստ տարածքներին, որտեղ են տեղաբաշխված Սիրիայի հիմնական նավթային պաշարները:
Ինչքա՞ն կտևի ռուս-թուրքական քաղաքական առևտուրը Սիրիայում
Պետք է նշել, որ այսօր Թուրքիայում առկա է, համեմատաբար, «ամենառուսամետ» իշխանությունը: Քանզի, Էրդողանից բացի, ցանկացած այլ տիպի գործիչ լինելու է ավելի հակառուս և ավելի արևմտամետ: Ինչը նշանակում է, որ Մոսկվան պիտի փորձի վարել Էրդողանի հետ ավելի ճկուն և բազմաշերտային քաղաքականություն: Իսկ դա նշանակում է, որ հետապնդելով իր ռազմավարական շահերը՝ Մոսկվան չպետք է հասնի նրան, որ Թուրքիայում Էրդողանին հեռացնեն իշխանությունից՝ որպես «պարտված» գործիչ:
Ռուսաստանն ու Թուրքիան ունեն հարաբերությունների հատման չորս հանգույց
Առաջին
Ռուս-թուրքական հանգույց Իդլիբի շուրջ
Երկրորդ
Ռուս-թուրքական հանգույց քրդական հարցում Սիրիայում
Երրորդ
Ռուս-թուրքական հանգույց Լիբիայում, որտեղ Մոսկվան աջակցում է մարշալ Խաֆտարի բանակին, իսկ Անկարան՝ Խավթարի գլխավոր հակառակորդ Սարանջի կառավարությանը
Չորրորդ
Կովկասյան տարածաշրջան, որտեղ Թուրքիան աներկբա աջակցում է Ադրբեջանին, իսկ Մոսկվան առավելապես աջակցելով Հայաստանին՝ փորձում է միաժամանակ նաև բալանսավորել իր դիրքորոշումը Երևանի ու Բաքվի հետ:
Ո՞ր պարագայում կարող է մեծանալ մեր համար վտանգը ռուս–թուրքական փոխհարաբերություններից
Տարբերակ առաջին
Պետք է նշել, որ մեզ համար առավել վտանգավոր կարող է լինել այն իրավիճակը, երբ Մոսկվայի ու Անկարայի միջև սկսի բաց հակամարտություն:
Այդ դեպքում գրեթե անխուսափելի կդառնա նաև հայ-ադրբեջանական պատերազմը:
Տարբերակ երկրորդ
Եթե տեսականորեն դիտարկենք, որ Մոսկվայի ու Անկարայի միջև այնքան ջերմանան հարաբերությունները, որ, օրինակ, այդ երկու երկրները հայտնվեն միասնական քաղաքական, տնտեսական և անվտանգության գոտում, օրինակ, դառնան ՀԱՊԿ անդամ, ապա այդ դեպքում նույնպես կարող է մեզ համար դա սպառնալիք լինել, քանզի մենք կարող ենք մանրադրամի դերում հայտնվել ինչ-որ պահի: Պետք է նշել, որ դա շատ տեսական տարբերակ է, գործնականում, գրեթե անհնար:
Տարբերակ երրորդ
Եթե Մոսկվայի ու Անկարայի միջև առկա են փոխվստահելի գործընկերային հարաբերություններ, ապա ապակայունացումը Ղարաբաղում կարող է քիչ հավանական լինել:
Տարբերակ չորրորդ
Երկու երկրների միջև առկա է ռազմավարական բնույթի համաձայնություն, սակայն մարտավարական տեսակետից ընթանում է միաժամանակ ոչ անկառավարելի, «հիբրիդային սառը հակամարտություն»: Դա չի նշանակում, որ կողմերը «համաձայնեցված են» գործում, սակայն դա չի բերում գլոբալ բախման:
Դրա վառ օրինակը մենք տեսանք այս օրերին Իդլիբում:
Դա նշանակում է, որ հակամարտությունները Լիբիայում, Կովկասում և Սիրիայում շարունակվելու են, և կողմերը հասնելու են դիրքային առավելության իրենց հակառակորդի թույլ օղակներում:
Ղարաբաղն այս շարքում թույլ օղակ է. ինչո՞ւ
Ակնհայտ է, որ Սիրիայում ռուսները մինչև վերջ աջակցելու են Ասադին, մանավանդ, որ դրա համար առկա է «լեգիտիմ» հիմքը: Ռուսները գտնվում են Սիրիայում այդ երկրի օրինական իշխանությունների հրավերով: Այդ երկրում Մոսկվան ունի երկու ռազմակայան: Սիրիան դարձել է Մոսկվայի համար Միջին Արևելքում կարևոր դարպասը, այդ թվում նաև ռազմական իմաստով:
Բացի այդ, նաև Սիրիան այն միակ արաբական երկիրն է, որտեղ պահպանվել է Մոսկվայի ռազմական ներկայացուցչությունը:
Ինչ վերաբերում է Լիբիային, ապա այստեղ էլ մարշալ Խաֆթարի բանակը մի քանի անգամ գերազանցում է թուրքամետ համարվող Սարանջի ուժերին: Եվ բացի այդ, Մոսկվայի գործողությունները այստեղ ողջունում է գրեթե ողջ արաբական աշխարհը: Ավելին, 15-հազարանոց ռուսական մասնավոր բանակն ամբողջովին ֆինանսավորվում է էմիրությունների կողմից:
Սիրիայի քրդաբնակ մասերում Մոսկվայի ու Թուրքիայի դիրքորոշումները շատ մոտ են իրար, և այստեղ նրանց միջև գրեթե չկա հակասություն:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այստեղ համեմատաբար «թույլ օղակը» մենք ենք դառնում, այն իմաստով, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ղարաբաղի վրա չի տարածվում ռուսական անվտանգության «հովանոցը», ինչը նշանակում է, որ միակ օղակը, որտեղ Անկարան կարող է «պատասխան տալ» Մոսկվային, հենց Ղարաբաղի տարածքն է: Բնականաբար, թուրքերն ուղղակի չեն միջամտի, այլ լայնածավալ օգնություն կտրամադրեն իրենց կովկասյան եղբայրներին:
Արդեն հայտնի է, որ Բաքու Էրդողանի այցի ընթացքում երկու կողմերի միջև կնքվել է ռազմատեխնիկական համաձայնագիր, որտեղ Անկարան պատրաստվում է մատակարարել Բաքվին գերժամանակակից անօդաչու սարքեր, որոնք, ի դեպ, հաջող ձևով օգտագործվել են Սիրիայում: Ըստ փորձագետների, ընդամենը երկու օրվա ընթացքում թուրքական անօդաչու սարքերը կարողացան շարքից հանել ավելի քան 100 տարբեր տեսակի զինտեխնիկա: Սպանվեցին ավելի քան 100 սիրիացի բանակայիններ:
Ըստ էության, ամփոփելով այս ամենը՝ կարող ենք այն եզրահանգման գալ, որ հայ-ադրբեջանական ճակատում լարվածության աստիճանը էապես կմեծանա, քանզի, հայտնի թուրք մի վերլուծաբանի խոսքերով՝ «…մի քանի տասնյակ թուրք զինվորների սպանությունից հետո, պարզ է, որ ռուս-թուրքական հարաբերությունները նախկինի պես այլևս երբեք չեն լինի…»:
Այս թուրք վերլուծաբանի եզրակացությունը պետք է հուշի մեզ նաև, որ հայ-ադրբեջանական լարվածությունը նույնպես նոր հարթություն է տեղափոխվելու, ընդ որում ինչքան շուտ մենք հասկանանք դա, այնքան ավելի հեշտ կլինի դրան պատրաստվել:
Երվանդ ԲՈԶՈՅԱՆ
Քաղաքագետ
Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտ