Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզական եւ բանական մակարդակը

Մարտ 10,2020 10:00

Չկա աշխարհում մի պետություն, որի շարքային քաղաքացիներին հետաքրքրեն սահմանադրական կարգավորումների առանձնահատկությունները եւ Սահմանադրական դատարանի կազմը: Մարդկանց հուզում են շատ ավելի պարզ, առօրեական խնդիրներ՝ իրենց եկամուտը, իրենց անվտանգությունն ու իրենց երեխաների ապագան: Այդպես է ամենուր: Բարեկեցիկ Նորվեգիայից սկսած եւ չքավոր Սոմալիով ավարտած: Եվ անիմաստ է ու քաղաքականապես անհեռատես՝ որեւէ մարդու դրա համար կշտամբել:

Շատ բնական է, որ Հայաստանում էլ ՍԴ կազմին վերաբերող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակ քարոզիչների եւ քաղաքացիների երկխոսությունն անխուսափելիորեն շեղվում է բուն նյութից եւ հանգում է աշխատավարձի չափին, աշխատանք ունենալ-չունենալուն, կամ, ասենք, սեփական կրպակը առանց պետական անհիմն միջամտության աշխատեցնելուն եւ այլն: «Այո»-ի քարոզիչների խնդիրն է կապ ստեղծել այդ առօրյա հարցերի եւ ՍԴ կազմի փոփոխության միջեւ: Փոքր ինչ պարզեցնելով՝ կարելի է ձեւակերպել այսպես՝ ապացուցել, որ մարդիկ ավելի բարեկեցիկ կապրեն, եթե Հրայր Թովմասյանն ու ՍԴ մնացած «հնից եկած» դատավորներն այլեւս չպաշտոնավարեն:

Այդ կապը կարելի է ստեղծել թե՛ հուզական եւ թե՛ բանական մակարդակների վրա: Հուզականը պարզ է. «նրանք» (այսինքն՝ նախկինները) ձեզ թալանում էին, բոլոր բիզնեսների մեջ 50/50 փայ էին մտնում, ամեն ինչ կաշառքով էին անում, եւ հենց այդ պատճառով էիք դուք վատ ապրում, «նրանցից» մնացել է միայն ՍԴ-ն՝ եթե այդ կարեւոր պետական կառույցի կազմը փոխվի, այլեւս ոչ մի խոչընդոտ չի լինի ձեր բարեկեցության համար: Ինձ թվում է՝ քաղաքացիների մեծամասնության համար այդ փաստարկը բավարար է:

Բայց կա նաեւ բանական մակարդակ. Սահմանադրական դատարանի եւ մնացած բոլոր դատարանների անկախությունն իսկապես կարեւոր է տնտեսության զարգացման համար: Բանն այն է, որ իսկական շուկայական հարաբերությունները չեն կարող զարգանալ առանց խիստ, անվերապահ եւ համընդհանուր օրինականության: Եվ այդ առումով էական է, որ բոլոր մակարդակների դատարաններն ապահովեն այդ օրինականությունը: Ոչ ՍԴ-ն, ոչ էլ երեք ատյանների դատարաններն անցյալ տարիներին դա չեն արել:

Սակայն հարց է առաջանում. արդյոք ներկայիս իշխանություններին պե՞տք է անկախ, չքաղաքականացված դատական համակարգ: Որոշ նշաններ ցույց են տալիս, որ նրանց, ինչպես եւ նախորդ իշխանություններին նման համակարգ պետք չէ: Տեղ խնայելու համար նշեմ ընդամենը երկու փաստ.

1) ԱԺ մեծամասնությունը մերժեց ՀՀ նախագահի առաջարկած երկու չքաղաքականացված պրոֆեսիոնալների թեկնածությունները ՍԴ դատավորի պաշտոնում՝ իր համար նախընտրելի Վահե Գրիգորյանին այդ տեղը տալու համար:

2) ՍԴ-ից եւ մնացած դատարաններից իշխանությունների դժգոհությունների մեծ մասը կապված է Քոչարյանի գործի հետ:

Բայց հնարավոր է՝ ես սխալվում եմ: Իմ սխալը կբացահայտվի այն դեպքում , երբ ՍԴ նոր կազմը որեւէ որոշում ընդունի, որը ներկա իշխանությունների քիմքին չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031