«Իրատեսի» զրուցակիցն է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
-Մինչև Սահմանադրական դատարանի ճգնաժամը չլուծվի, ներդրումներ չեն լինի՝ իշխանություններն են ասում:
-2018-ին, երբ իշխանությանն ասում էինք, թե ինչու եք աճապարում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպել, ասում էին՝ քանի դեռ նոր խորհրդարան չկա, ներդրումներ չեն լինի: Ունենք նոր խորհրդարան, բայց ներդրումներ չունենք: Հիմա ասում են՝ չկան ներդրումներ, որովհետև կա ՍԴ ճգնաժամ: Երբ առաջին անգամ նման հայտարարություն լսեցի, անկեղծորեն եմ ասում, թվաց՝ կատակ է: Դատական համակարգի դեմ ծավալած արշավն է խոչընդոտում ներդրումներին: Պատկերացրեք՝ դուք օտարերկրացի կամ տեղացի ներդրող եք, ներդրում եք կատարում, խնդիր եք ունենում գործադիր իշխանության հետ, բայց չեք կարող ակնկալել, որ դատարանն օբյեկտիվ ու արդար որոշում կկայացնի, քանզի գիտեք, որ դատարանը կառավարության ուղղակի ազդեցության տակ է: Անհասկանալի է, թե մինչ այս պահը ՍԴ-ն ինչով է խանգարել բարեփոխումներին: Ինչ վերաբերում է փաստարկներին, թե նրանք երկար են պաշտոնավարելու, կամ նախորդ իշխանությունների հետ կապեր ունեցող մարդիկ են, ապա միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ երկար պաշտոնավարելու մեջ որևէ վատ բան չկա, իսկ նախորդ իշխանությունից էլի մարդիկ կան, որ մինչ այժմ պաշտոնավարում են:
-Գուցե նրանց հրաժարականը պահանջելու հե՞րթն էլ գա:
Կարդացեք նաև
-Հնարավոր է, բայց ինչքա՞ն կարելի է երկիրը հեղափոխական փսիխոզի պայմաններում պահել: Ներդրողը երբեք չի գա մի երկիր, որտեղ հեղափոխական պերմանենտ իրավիճակ է: Ներդրողը գնում է այնտեղ, որտեղ հանգիստ ու ապահով է: Հեղափոխական վիճակում գտնվող ցանկացած երկիր փող չի գալիս:
-ՀՅԴ-ն կոչ է անում բոյկոտել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, բայց չէ՞ որ նման կոչ անելով՝ հերթական անգամ թիրախ եք դառնում:
– Մենք ասում ենք՝ բացառել «Այո»-ն, որովհետև, նախ, բուն գործընթացն օրենսդրական խախտումներով է տեղի ունեցել, երկրորդ՝ քաղաքական կեղծ օրակարգ է: ՍԴ-ն որևէ կերպ չի խոչընդոտել իշխանությանն ու նրա հետևորդ օրենսդիրին որևէ ռեֆորմ իրականացնելու հարցում: Այս կեղծ օրակարգը նպատակ ունի շեղելու ժողովրդի ուշադրությունն ակտուալ այլ օրակարգերից՝ տնտեսական աճից, որ գոյություն չունի, հանրային հատվածի բարեփոխումներից, որոնց արդյունքը որևէ մեկը չի տեսել: Բացի այդ, արցախյան խնդիրը կա, իսկ Մինսկի խմբի համանախագահների ու ժնևյան բանակցություններից հետո հնչած հայտարարությունները բավական մտահոգիչ էին: Հարց է՝ ինչպե՞ս են հասարակությանը պատրաստում խաղաղության, ինչի՞ համար է Մինսկի խումբը հանդիպել Չավուշօղլուի հետ, ինչո՞ւ Կասպրշիկը շնորհավորեց և հետո լուսանկարվեց Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ: Օրակարգային հարցեր են սրանք, որոնց անդրադառնալու փոխարեն ՍԴ-ի «այո» ու «ոչ» են անում:
Զրուցեց Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում