Աղավնի Հակոբյանը 100 տարեկան է. Այսօր նա իր մեծ գերդաստանով նշում է ծննդյան 100 ամյակը: Աղունիկ տատը, ինչպես նրան կոչում են հարազատները, հարուստ է զավակներով, թոռներով, ծոռներով եւ անգամ կոռներով: Մեկ դարը բոլորած տիկին Աղավնին իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու հարստությունները հենց նրանց է համարում:
Երիտասարդ տարիներին մանկավարժ է աշխատել: Ասում է՝ ամուսնու հետ երջանիկ կյանք է ունեցել եւ այդ ուրախությունը, համերաշխությունը փոխանցել է սերունդներին : Ծնվել է 1920 թվականին Աշտարակի Փարպի գյուղում, ապա տեղափոխվել մայրաքաղաք:
Ծնողները գաղթել են Արեւմտյան Հայաստանից, երբ նա դեռ ծնված չի եղել: Հայտնի գերդաստանի աղջիկ է եղել, հայրն էլ՝ Զորավար Անդրանիկի զինվորներից: Առողջությունից չի բողոքում. Կյանքի հարյուր տարիները նրան իմաստնություն են տվել:
Երեխաներն ասում են, որ անգամ սերունդների տարբերությունը չի խանգարում եւ շատ հաճախ թոռներն էլ ապավինում են նրա խորհրդին ու ճաշակին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ