Բրյուսելում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ժոզեֆ Բորելի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը և քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանը: Պարոն Բորելը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և ՀՀ կառավարության հաստատակամ ու հետևողական քայլերն այդ ուղղությամբ:
Որպես ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր բաղադրիչ ՀՀ վարչապետը և Ժոզեֆ Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը:
Կարդացեք նաև
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորություններին:
Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ: Ժոզեֆ Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ