Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսալ Արմենալ»-ի 95 աշխատակից պահանջում են 13 տարի չվճարված հավելումները՝ ընդհանուր 1 միլիարդ դրամ

Մարտ 09,2020 21:01

«Ռուսալ Արմենալ» գործարանի 95 աշխատակից որոշել են վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները: Նրանք դիմել են դատարան եւ գործատուից պահանջում են 13 տարի չվճարված հավելումները գիշերային աշխատանքի համար:

Այս ամբողջ հավելավճարները ոչ ավել, ոչ պակաս, մոտ 1 միլիարդ դրամ են կազմում:

«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի 95 աշխատակցի՝ դատարանում շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Մալխասյանն Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով խնդիրն՝ ասաց. «Օրենսդիրը նախատեսել է արտաժամյա աշխատանքի համար հավելում, սա չափահաս անձի համար 8 ժամից ավելի կատարվող աշխատանքն է: Գործատուն 2007 թվականին սահմանել է աշխատանքային ռեժիմ՝ յուրաքանչյուր հերթափոխի համար ամենօրյա հերթափոխերի 12 ժամ: Հետեւաբար 8-ից ավել ժամերի համար օրենքով սահմանված հավելավճարներ ենք պահանջում»:

Ընկերությունը աշխատակիցների հետ կնքած պայմանագրերում, ըստ փաստաբանի, արտաժամյա աշխատանքի համար հավելավճարի պարտավորություն չի եղել: Բայց, փաստաբանը վստահեցնում է, եթե անգամ աշխատանքային իրավահարաբերություններով կամ պայմանագրով ամրագրված չէ հավելավճարի պարտավորությունը, դա դեռ չի նշանակում, որ գործատուն դրանից ազատվում է. «Օրենսդիրն ասել է՝ որեւէ կերպ արտաժամյա աշխատանքի համար տրվող հավելումը չի կարելի վերացնել, ընդհուպ եթե կողմերը համաձայնագիր կամ պայմանագիր են կնքում, համաձայնվում, որ հավելավճարներ պետք չեն, միեւնույն է, պարտավոր են վճարել»:

Ինչո՞ւ են աշխատակիցները 13 տարի հետո որոշել վերականգնել իրենց իրավունքները, մեր այս հարցին ի պատասխան Մալխասյանն ասաց՝ չեն իմացել, որ օրենքով հավելավճարներ ստանալու իրավունք ունեն: Փաստաբանն ասում է, երբ այս աշխատակիցները պայքարել են վնասակարության համար վճարվելիք գումարները ստանալու համար, այդ իրավական վեճերի ժամանակ են տեղեկացել, որ կարող են   արտաժամյա աշխատանքների համար վճարումներ ստանալ, հետո սկսել են փաստաբաններից հետաքրքրվել, ճշտել խնդիրը, օրենքը եւ այլն, ու անցյալ տարեվերջին դիմել են դատարան:

Այս գործով այսօր 3-րդ դատական նիստն էր, բայց նիստը տեղի չի ունեցել. հայցվորներին տեղեկացրել են՝ դատավորին շտապ հրավիրել են սեմինարի, ուստի նիստը հետաձգվում է, հաջորդ դատական նիստի օր է նշանակվել մարտի 25-ին:

Փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի հետ աշխատանքային առաջին վեճը չէ. տարիներ առաջ, 2011-ին, 2012-ին եւ 2013 թվականներին էլ դատական գործեր են եղել աշխատակիցների հայցերի հիման վրա: Այս գործերը վերաբերել են վնասակար աշխատանքի համար հավելավճարներին:

Մալխասյանը վստահեցրեց՝ տարիներ առաջվա այդ հայցը դեռ պետք է «թարմացնեն», որովհետեւ գտնում են՝ այն ժամանակ դատարանը այս քաղաքացիների հայցն ամբողջությամբ չի բավարարել, արդար չի եղել.«Դատարանն այն ժամանակ բավարարել է առանձնապես վնասակար աշխատանքի համար հավելավճարի պահանջը, իսկ վնասակարինը՝ ոչ: Սրանց մենք հետագայում ընթացք տալու գործերը պետք է նախապատրաստենք: Կառավարությունը այդ աշխատողների աշխատանքը համարում է վնասակար եւ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է տալիս: Գործատուն գտնում է, որ աշխատանքը վնասակար չէ հավելավճար տալու համար: Գործատուն պատճառաբանում է, որ 2010 թվականին օրենքը փոխվել է, որտեղ սահմանված չէ այդ վնասակարությունը, պետք է հատուկ գրված լիներ, որ դա դրա համար է: Բայց 2005 թվականի օրենքով աշխատանքային օրենսգրքում այլ կերպ էր նշված: Բայց, ամենակարեւորն այն է, որ նրանք այն ժամանակ աշխատանքային հարաբերությունների մեջ էին, օրենսդրական փոփոխությունը նրանց վրա չպետք է ազդեր, որովհետեւ նույն օրենսգրքի 12-րդ հոդվածն ասում է՝ եթե դու աշխատանքային հարաբերություններում ես, եթե ընդունվում է վատթարացնող նորմ, այդ աշխատակցի վրա այդ նորմը չի ազդում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031