Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանում տարածված կորոնավիրուսի վատ հետևանքը՝ Գյումրիում

Մարտ 09,2020 19:55

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համատեղ Շիրակի մարզում նախատեսված արտադրական ներդրումային ծրագրերը սառեցվում են՝ ստեղծված իրավիճակի պատճառով։

Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Մարզում 2-3 նախաձեռնություններ կան, որոնք ավելի մեծ արտադրական հզորությունների տիրույթում են, մի մասը գյուղատնտեսության ոլորտում է, մյուս մասը էներգիայի ու ջրային պաշարների ճիշտ օգտագործման ոլորտում էր։ Ցավոք, այն պայմանավորվածությունները, այն նախնական մոտեցումները, որոնք մենք ունեինք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում իմ այցից հետո, և այն մեծ թիմը, որն աշխատում էր այս ուղղությամբ արտադրական մի քանի ծրագրերի համար, բոլորի համար այս պահին դրանք սառեցված են։

Չինական պատվիրակությունը Հայաստանում եղել է, մենք քննարկել ենք, իրենք հիմնականում փաստաթղթղեր, կոնցեպտներ, տեղեկատվություն հավաքագրելու փուլում են, մեր իրականության համար կարևոր փուլ է, ամբողջությամբ սառեցված չէ, փորձում են նաև հավաքագրել։

Այսինքն, գործընթացը որոշակի առումով, իհարկե, տուժեց և տուժելու է այս անորոշության հետ կապված, բայց վստահ եմ, որ քանի որ գլոբալ տենդենց է, շատ ավելի հստակություն կբերի և բոլոր գլոբալ խաղացողների համար ավելի հստակ կլինի»,-ասաց մարզպետը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը դեկտեմբերի կեսերին այցելել էր Չինաստանի Հայնան նահանգ ու մասնակցել գյուղատնտեսական խոշոր ցուցահանդեսի՝ «Արևադարձային գյուղատնտեսական մշակաբույսերի միջազգային ձմեռային տոնավաճառ Չինաստան-2019»-ին։

Ցուցահանդեսում ներկայացվել էր Հայաստանի Հանրապետությունում աճեցված մրգերից և բանջարեղեններից պատրաստված բարձրորակ և էկոլոգիապես մաքուր արտադրանք։ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մարզպետը Հայնան նահանգի ղեկավար Շեն Սյաոմինի հետ համագործակցության հուշագիր էր ստորագրել, որով երկու կողմերը պարտավորվել են հաստատել ու ամրապնդել առևտրատնտեսական հարաբերություններ, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, բժշկության, հանքարդյունաբերության, քաղաքաշինության, էներգետիկայի, կրթության, գիտության, մշակույթի բնագավառում, ինչպես նաև խոշոր ներդրումային նախագծեր իրականացնել։ Կողմերը պարտավորվել են ստեղծել համապատասխան պայմաններ համատեղ բիզնեսի և ներդրումների համար։

Մարզպետը հանդիպել էր նաև տեղի գործարարներին, քննարկվել էր նաև Հայնան նահանգում Շիրակի մարզի և Շիրակի մարզում Հայնան նահանգի առևտրի տներ բացելու հնարավորությունները:

Շիրակի մարզի հնարավորություններին և ներուժին ծանոթանալու նպատակով Տիգրան Պետրոսյանը Հայնանի պատվիրակությանը հրավիրել է Շիրակի մարզ, որոնք և հրավերն ընդունել ու եկել էին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի ՖԲ էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031