«Ես կարծում եմ՝ սա ավելի շատ բարոյական խնդիր է. չի կարելի երեխաներին ներքաշել քաղաքականության մեջ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավին մասնակցում էր նաև նրա անչափահաս դուստրը, այսպես արձագանքեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա նշեց, որ այս դեպքում պատասխանատվությունն ընկնում է հենց Նիկոլ Փաշինյանի վրա ու նկատեց. «Ստացվում է, որ շատերն՝ իրենց ոչ կողմնակիցները, սահմանափակվում են նրանով, որ երեխա է մասնակցում քարոզարշավին, իսկ իրենք այս դեպքում չունեն որևէ սահմանափակում: Սա իրոք խնդիր է»:
Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ ներկայիս մասնակցությունը քարոզարշավին Աղասի Ենոքյանը համարում է անօրինական: Նա նկատեց. «Կարծես վաղը վերջապես արձակուրդ է վերցնում. սրանից հետո կհամարվի, որ արդեն մի քիչ ավելի օրինական է իր մասնակցությունը, քանի որ որպես արձակուրդում գտնվող պաշտոնյա հանդես կգա, ոչ թե որպես պաշտոնյա»:
Անդրադառնալով մետրոյում «այո»-ի քարոզչական բուկլետը պատռած աղջկա քայլին՝ Աղասի Ենոքյանն ասաց. «Մարդն ուղղակի իր կարծիքն արտահայտեց այս սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Հենց նոր տաքսու վարորդն ասում էր՝ ես վիրավորված եմ ինձ զգում, որ Հրայր Թովմասյանին հանելու համար յոթ միլիարդ դրամ գումար են ծախսում ու մեզ բոլորիս ներգրավում այս ամենում: Ուզում են հանել, թող հանեն, ինչո՞ւ են պատասխանատվությունը մեզ վրա գցում»:
Կարդացեք նաև
Ըստ Աղասի Ենոքյանի՝ այդ աղջկա քայլը բնականոն, նորմալ վիճակն է, երբ քաղաքացին իր կարծիքն է հայտնում հանրաքվեի վերաբերյալ: Իսկ այն կարծիքը, թե շնորհակալ լինենք, որ դրա համար քաղաքացուն չեն սպասում, Աղասի Ենոքյանը խնդիր է համարում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ