Մարտի լույս 5-ի գիշերը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին ու հայտնեցին, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել Աղավնատուն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել հենց Աղավնատուն գյուղից։ Դեպքի վայրում՝ գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի թիվ 30 տան դիմաց հայտնաբերվեցին ինքնաձիգի պարկուճներ։ Կրակոցներից վնասվել էին տուժողի ավտոմեքենան ու տան դարպասը։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի և Լոռու մարզային վարչությունների, ինչպես և նախաքննական մարմնի գործընկերների հետ, թարմ հետքերով բացահայտեցին սպանության փորձը։ Պարզվեց՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։ Նույն օպերատիվությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին 34-ամյա կասկածյալին։ Արմավիրի մարզի բնակիչը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն