Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի տեղեկացմամբ, 2019 թվականին նախանցած տարվա հետ համեմատ միայն քաղաքաշինության ոլորտում 35-36 տոկոս աճ է գրանցվել։ Դրա մեջ մտնում է թե՛ փողոցաշինությունը, թե՛ մասնավորի կողմից իրականացվող շինարարությունը։
«Իսկ քաղաքաշինությունը ոչ միայն ցույց է տալիս շինարարության ոլորտը, այլ տնտեսական ակտիվության այլ ոլորտներ։ Գյումրիում այս պահին շինթույլտություն է տրվել մեկ տասնյակից ավել հյուրատներ, հյուրանոցային բիզնեսներ կառուցելու համար։ Սա անուղղակիորեն ցույց է տալիս այն ֆոնը, որը մենք ունենալու ենք։ Մարզում 2-3 նախաձեռնություններ կան, որոնք ավելի մեծ արտադրական հզորությունների տիրույթում են, մի մասը գյուղատնտեսության ոլորտում է , մյուս մասը էներգիայի ու ջրային պաշարների ճիշտ օգտագործման ոլորտում»,-ասաց մարզպետը։
Մենք Տիգրան Պետրոսյանից հետաքրքվեցինք, թե ովքե՞ր են ցանկություն հայտնում Գյումրիում հյուրանոցներ ու հյուրատներ կառուցելու։
«Շատ կարևոր հարց է, մեր համար ևս անակնկալ է․ տեսնում եմ, որ մեծ մասը մեր հայրենակիցներն են, տեղում ապրող գործարարներ։ Տեղի միջին, մանր բիզնեսն էլ շատ ակտիվ է, այսինքն` այն մարդիկ են, որոնք իրենց սեփական տները կամ հարազատների միջավայրն են վերափոխում, բայց, իհարկե, մենք հենց հիմա ունենք 2-3 նախագիծ՝ 30-ից ավելի հյուրանոցային սենյակների համարներով, նաև լողավազանով, ինչը ոլորտի համար խիստ կարևոր է։
Կարդացեք նաև
Հիմա նաև բանակցում ենք միջազգային հյուրանոցային բրենդներից մեկի ներկայացվածության մասին Գյումրիում, իրենք տարածքի փնտրտուքի մեջ են»,-տեղեկացրեց մարզպետը։
Մարզպետը չշտապեց հրապարակել բրենդի անունը, ասելով՝ կգան, կստորագրեն, իրենք իրենց անունը կասեն։
«Իրենք աշխատում են մարզում։ Նշեմ, ու ուշադիր դիտարկում են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքաշինական, նաև պատմամշակութային ժառանգության ուղղությունները»,-ասաց մարզպետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ