Լրահոս
Օրվա լրահոսը

Օղակաձեւ զբոսայգում տարածքը փակել են. «Բոչկա» սրճարան-գարեջրատունը շինարարություն է սկսել

Մարտ 09,2020 17:21

Ռեստորաններով, սրճարաններով, մարզաակումբներով եւ այլ ծառայություններ մատուցող օբյեկտներով խեղդված Օղակաձեւ զբոսայգում այս պահին կրկին շինարարություն է ընթանում: Տարածքը ցանկապատված է՝ պաստառին էլ փակցված կառույցի նախագիծն ու գրություն՝ «Ավելի բարեկարգ Երեւան»:

Կառուցապատումը տեղի է ունենում զբոսայգու Խանջյան փողոցի կողմից, Մանկավարժական համալսարանի դիմացի հատվածում, որտեղ նախկինում քաղաքացիներին հայտի «Բոչկա» սրճարան-գարեջրատունն էր:

Սրճարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներն արդեն վեր են խոյացել, սակայն օբյեկտը դեռ ավարտուն տեսքի չի բերվել:

Այգում նոր շինարարության առկայությունը հարուցել է քաղաքացիների դժգոհությունը: Շինարարության ցանկապատից ներս հայտնվել են նաեւ բազմամյա ծառեր: Aravot am-ին ահազանգած քաղաքացիները մտավախություն ունեն, որ եւս մեկ կանաչ գոտի կոչնչանա, ծառերը կհատվեն եւ մարդկանց թթվածնի, զբոսնելու տարածքի հաշվին տեղում եւս մեկ օբյեկտ վեր կխոյանա:

Նրանց խոսքով, Օղակաձեւ զբոսայգին առանց այդ էլ գերբեռնված է զվարճանքի օբյեկտներով եւ այգին ազատագրելու փոխարեն, նոր կառուցապատում են անում:
Մեր այցելության պահին շինարարության հրապարակը փակ էր, սակայն աշխատանքներն ընթացքի մեջ էին:

Թե ինչպես է տարածքի կառուցապատողը Երեւանն ավելի բարեկարգ դարձնելու, հատկապես՝ երբ օբյեկտը կառուցվում է պուրակում, փորձեցինք ճշտել Երեւանի քաղաքապետարանից:
Aravot.am-ի հարցին ի պատասխան, քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ տարածքում ոչ թե նոր կառուցապատում է իրականացվում, այլ՝ վերակառուցում եւ կառուցապատման ծավալները չեն մեծանալու. ինչպես որ նախկինում եղել է, այդպես էլ մնալու են:

Տեղեկացանք նաեւ, որ սրճարանը վերակառուցելու թույլտվությունը օբյեկտի սեփականատերը ստացել է վերջերս: Ըստ Հակոբ Կարապետյանի, տարածքի որեւէ ծառ չի հատվելու եւ կառույցը լինելու է ոչ թե քարաշեն, այլ՝ թեթեւ մետաղական կոնստրուկցիաներով:

Կառուցապատողը, սակայն որոշ խախտումներ արդեն իսկ թույլ է տվել: Հակոբ Կարապետյանի խոսքով, շինարարական հրապարակը խախտումով է կազմակերպվել, ինչի համար կառուցապատողի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031