«Ինձ համար պարզ չէ, թե իշխանություններն ինչ ռազմավարությամբ են գործելու, իսկ «Ոչ»-ի կողմն ընդհանրապես չի երևում։ Դժվարանում եմ ասել, թե որ կողմը կհաղթի, իսկ հանրաքվեին հաջորդող իրավիճակը ապոկալիպսիս չէ. շարունակելու ենք ապրել նույն կերպ»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավին։
Հանրաքվեի քարոզարշավի համար ձևավորել է երկու շտաբ՝ «Այո»-ի և «Ոչ»-ի ։ Հանրաքվեով իշխող ուժն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 դատավորի լիազորությունները:
Ըստ Քոչարյանի՝ իշխանությունն ուզում էր «սև-սպիտակով» անել քարոզարշավը, բայց քանի որ ընդդիմադիրները կամ «սևերը» այդպես էլ չմասնակցեցին, ավելին՝ ոչ մի քաղաքական ուժ չմասնակցեց խաղին, այդ ռազմավարությունն էլ դարձավ անիմաստ:
«Խնդիրն այն է՝ արդյոք կկարողանա՞ իշխանությունն ապահովել անհրաժեշտ 650 հազար ձայնը։ Եթե չկարողանա, ասելու է, որ «սա դեմոկրատիայի հաղթանակն էր, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ո՛չ նկարում են, ո՛չ ստիպում են, ո՛չ էլ ձայն առնում»։ Հաղթելու դեպքում, ասելու է, որ «հեղափոխությունը վերջնականապես հաղթեց», – ասաց քաղաքական վերլուծաբանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ բացի 1991 թվականի անկախության հանրաքվեից, ՀՀ քաղաքացին չգիտի, թե ինչի համար է «այո» կամ «ոչ» ասում, նույնիսկ պատգամավոր ընտրելուց չգիտի. քաղաքացին կարծում է, թե նրան ընտրում է, որ ասֆալտ անի. «Խնդիրն այն է, որ բոլոր ժամանակների մեր իշխանությունները, այդ թվում այս, երբեք չեն ուզել բացատրել հասարակությանը, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում. իշխանությանը ձեռք չի տալիս, որ հասարակությունը լինի կրթված», – նշեց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով այն լուրերին, որ «ոչ»-ը փող է բաժանում Կարեն Քոչարյանն ասաց, «Այդ դեպքում թող գնան բռնեն, դա քաղաքական բամբասանք է, ոչ ավելին: Իշխանությունների համար դժվար չէ դա ճշտելը և բռնելը, քանի որ բոլոր լծակները նրանց ձեռքում են»
«Եթե խնդիրը Հրայր Թովմասյանի գրած վատ սահմանադրությունն է, ապա ինչո՞ւ սահմանադրությունը չեն փոխում, այլ սահմանադրության այն կետը, որով դատավորներն են պաշտոնավարում. հանձնաժողովը պետք է փոփոխությունների ամբողջ փաթեթը դներ սեղանին՝ այս հարցն էլ հետը»,- հավելեց Քոչարյանը:
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ