Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունում այս պահին 1043 բռնարար է հաշվառված. նրանց մեջ կան անչափահասներ եւ կանայք

Մարտ 09,2020 16:39

2010 թվականից մինչ այժմ ՀՀ-ում հաշվառվել է 1789 բռնարար, նախազգուշացում է կիրառվել 1364-ի նկատմամբ: Այսօր «Հոդված 3» ակումբում այս տվյալները ներկայացրեց ոստիկանության՝ անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:

Նա պարզաբանեց՝ օրենքով ոստիկանությանը վերապահված է 2 պաշտպանական միջոց, 3-րդը՝ դատարանին: Ոստիկանությանը վերապահված է նախազգուշացումն ու անհետաձգելի միջամտությունը: Դուրյանն ասաց, որ անհետաձգելի միջամտության 435 որոշում է կայացվել, ընտանիքում բռնության վերաբերյալ կազմվել է 3196 ամփոփագիր, յուրաքանչյուրի դեպքում օպերատիվ խումբը մեկնել է տուն ու համապատասխան միջոցներ կիրառել:

Ոստիկանությունում այս պահին հաշվառված է 1043 բռնարար, նրանցից 13-ն այս տարի գտնվելով հաշվառման մեջ՝ գնացել է տուն ու կրկին բռնություն կիրառել: Ըստ Դուրյանի, 1043-ից 121-ը կին է եղել, 3-ն՝ անչափահաս, նրանց նկատմամբ կիրառվում է միայն նախազգուշացման որոշումը, այլ միջոց օրենքով սահմանված չէ:

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած անչափահասի դաժան ծեծին ու նրա մոր սպանությանը, Դուրյանն ասաց՝ այն չի դիտարկվում որպես ընտանեկան բռնություն. «Հանգամանքները, իհարկե, կպարզվեն, բայց, նախնական տվյալներով, խոսք է գնում զուգընկերոջ մասին, ամուսիններ չեն եղել, փաստացի ամուսիններ չեն դիտարկվում։ Բայց ուզում եմ նշել՝ սա կնոջ նկատմամբ բռնության դեպք է»։ Իսկ եթե նրանք ամուսինների կարգավիճակ ունենային, ապա ինչպես Դուրյանը վստահեցրեց՝ կատարվածը կդիտարկվեր որպես ընտանեկան բռնության դեպք, մեղադրանքն էլ այլ հոդվածներով կլիներ:

Բռնարարն, ըստ Դուրյանի, ոստիկանությունում հաշվառված է եղել 2015-ին, նախկինում դատապարտված է եղել խուլիգանության, դանակահարության համար, բայց այդ շրջանում ոստիկանությունում հաշվառված չի եղել, եւ որեւէ ահազանգ չեն ստացել։

Ըստ Դուրյանի, 2019-ին կնոջ նկատմամբ բռնության 1834 դեպք են գրանցել: Նա նաեւ նշեց՝ միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ բռնության ենթարկված կինն 9 անգամ դիմանում է, 10-րդ դեպքից հետո նոր բարձրաձայնում:

«Հարեւան, բարեկամ, եթե բռնություն եք տեսնում, լսում եք՝ կարող եք ահազանգել ոստիկանություն, գոնե հասարակական կազմակերպություններ,սոցիալական ծառայություններ, քաղաքապետարան: Չպետք անտարբեր մնալ»,-ասաց Դուրյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031