Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հյուրընկալվել էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ներկայացնելու մի շարք հանքավայրերում բնապահպանական իրավիճակը:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջերս իրեն ահազանգել են Արծվանիկի պոչամբարի առնչությամբ. «Թունավոր թափոնների առումով այն ամենավտանգավորներից է՝ մկնդեղ, ծծումբ, ցինկ, մոլիբդեն, պղինձ: Որքան տեղյակ եմ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 40 հազար ընտանիքի փոխհատուցում է տալիս: Դա համարում եմ սոցիալական փոխհատուցում, բայց տարածքում հողերը բացարձակապես բերրի չեն: Ժամանակին ընկույզի ծառեր կային, հիմա մարդիկ ուղղակի թունավորվում են: Ինձ ասացին, որ տեւական ժամանակ է՝ առողջական խնդիրներ կան, երեխաներն արդեն լուրջ խնդիրներով են ծնվում: Լավ, ասենք, որ կոմբինատը տուգանքներ է վճարելու, դրանով մարդկանց առողջությունը վերականգնելո՞ւ եք: Այդ հողերը «Չեռնոբիլի» են վերածվել: Սա կասեցնելու մեխանիզմ կա՞: Տուգանքից գյուղացին ի՞նչ շահի»:
Էրիկ Գրիգորյանն ի պատասխան նախ նկատեց՝ նախկինում պետական մոտեցումն այնպիսին էր, որ հանքարդյունաբերողը որքան շատ էր վճարում տուգանք, այնքան ավելի շատ էր ընդերքն օգտագործում եւ աղտոտում. «Ջրի կամ օդի աղտոտման համար վճարվող գումարները շատ փոքր են: Մենք փոխում ենք օրենսդրությունը, եւ խոսքն այն մասին չէ, թե ինչքան տուգանք են վճարելու: Խոսքը կանխարգելման եւ վերականգնման մասին է: Կոմբինատը 2008թ.-ին 12,5 միլիոն տոննա հանքաքար մշակելու համար արդեն ստացել էր այդ հողերը, որոնք ճանաչվել էին հանրային գերակա շահ, փոխհատուցումներ էին տրվել: Կոմբինատը դիմել է մեզ՝ Արծվանիկի պոչամբարի ծավալների լրացուցիչ մեծացման համար: Մերժել ենք: Նախկինում կոմբինատին անտառային հողեր էին տրվել, բայց կարգը չէր պահպանվել: Անտառներին չառնչվող աշխատանք անելու դեպքում վնասը կրկնակի պետք է վերականգնվի: Հիմա 35 հեկտար անտառային տարածքի համար կոմբինատը պարտավորություն ունի: Քննարկել ենք, թե որտեղ պետք է տնկվի 70 հեկտար անտառ»:
Էրիկ Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ Ողջի գետի աղտոտման առնչությամբ քրեական գործ է հարուցվել. «Ձեր հարցը, տիկին Զոհրաբյան, այն մասին է, ինչով մենք հիմա զբաղված ենք: Մեր խնդիրն այն մասին չէ, որ ջուրն աղտոտելու համար օգտագործողը մեծ գումար վճարի, այլ այն մասին, որ նման բան չլինի: Օրենսդրությունը մեր համար խոչընդոտներ է սամանում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ