«Սիգի հետ կապված խնդիրները շարունակական են: Մարդիկ, որոնք նախկինում էին աշխատում, հիմա էլ աշխատում են, ոմանք քրեական գործերով են անցնում: Տեսուչները տարբեր հարաբերությունների մեջ էին մտել ձկնագողերի հետ, բայց մենք ռազմավարական լուծում ենք գտել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Երեւանում սիգի ապօրինի վաճառքի ծավալներին՝ ասաց ՀՀ Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց՝ օրենսդրական փաթեթ են մշակել, որը կանոնակարգելու է ձկնորսության ոլորտը. «Կմշակվի հրաման, եւ մենք ձկան օրինական որս ենք թույլ տալու: Զուգահեռ, ըստ հարկային օրենսգրքի փոփոխությունների, ձուկ վաճառելուց սանկցիա կկիրառվի: Խոսքն այն մասին է, որ բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ամեն ինչ պետք է փաստաթուղթ ունենա՝ լինի սիգ, ծառ, քար, թե ավազ»:
Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ հույս ունեն, որ այս օրենսդրական կարգավորման միջոցով արդեն այս տարի սիգի ապօրինի որսի հարցն էլ կլուծեն. «Եթե վաճառվող սիգ կտեսնեք, դա կլինի օրինական՝ թույլտվություն ստացած, բնօգտագործման վճարը մուծած, ձկնորսի որսած ձուկ: Դա ավելի թանկ կլինի, եւ դա նորմալ է: Բնական կերով սնվող ձուկը եւ բուծված ձուկը նույն գինը չեն կարող ունենալ»:
Դառնալով տեսուչներին՝ նախարարը նշեց, որ տասնյակ անձինք հեռացվել են աշխատանքից՝ ձկնագողերի հետ պայմանավորվածությունների պատճառով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ