Հայաստանի կինոգործիչները սպասում են «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի աշխատանքները կարծես թե ընթանում էին բնականոն հունով: Սակայն օրերս ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Աննա Կոստանյանն իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով նախագծին հայտարարեց, որ գործընթացը հապաղում է ելնելով երեք կողմերից մեկի՝ «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի» կողմից արված քայլից։ Միաժամանակ տիկին Կոստանյանը ակնարկել էր, թե փորձ է արվում տապալել նախագիծն ու օրենքի ընդունումը:
Պարզաբանման համար դիմեցինք «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի» աշխատանքային խմբի համակարգող Արայիկ Մանուկյանին:
-Պարոն Մանուկյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Աննա Կոստանյանն իր հարցազրույցներից մեկում ասում է, որ «Ոսկե Ծիրանի» քայլը խոչընդոտել է «Կինոյի մասին» օրենքի նախագծի ստեղծման աշխատանքները և կա նախագիծն ու օրենքի ընդունումը տապալելու նպատակ:
-Ես նախևառաջ տիկին Աննա Կոստանյանին կհորդորեի մանիպուլյատիվ հայտարարություններ չանել և դրանցով հանրության մոտ «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի» քայլերի մասին թյուր պատկերացում չստեղծել: Տրամաբանությունը հուշում է, որ որևէ քայլի գնահատական տալուց առաջ պետք է նախևառաջ այդ քայլը նկարագրել: Առավել ևս կհորդորեի նախագիծն ու օրենքի ընդունումը տապալելու մասին խոսելուց զգույշ լինել, քանի որ այդ թեմայով այլ իրականություններ ևս կան:
Կարդացեք նաև
«Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը» մեկ տարի շարունակ Եվրոպական միության աջակցությամբ աշխատել է «Կինոյի մասին» օրենքի նախագիծ ստեղծելու ուղղությամբ: Չեմ ուզում նորից խոսել այն աշխատանքների մասին, որ արվել են այդ ընթացքում, քանի որ կինոհանրությունը գոնե դրանից շատ լավ տեղյակ է, այնուամենայնիվ, ասեմ, որ մենք իրականացրել ենք մի քանի տասնյակ ֆոկուս-խմբային հանդիպում, քննարկում, փորձել ենք արձանագրել այն բոլոր խնդիրները, որ առկա են կինոյի ոլորտում, բազմաթիվ հանրային քննարկումներ ենք իրականացրել, իրականացրել ենք Եվրոպական լրջագույն փորձաքննություն, աշխատել ենք Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի իրավաբանության և օրենսդրության դեպարտամենտի հետ, Լեհաստանի ներկայացուցչի հետ և այլն ու ստեղծել ենք մի նախագիծ, և մեր համոզմամբ՝ հեղափոխական նախագիծ, փոփոխություններ բերող նախագիծ, որը ներկայացրել ենք ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի հանձնաժողովին:
Նախագիծ է ներկայացրել նաև ԻՖԿԱ անկախ կինոգործիչների ակումբը, որի հետ, ի դեպ, նույնպես փորձել ենք սերտ աշխատել և՝ աշխատել ենք: Մեզ՝ երկու կողմերիս, ՀՀ ԱԺ հիշյալ հանձնաժողովում առաջարկվել է իրավաբանական խմբերով աշխատել առկա երկու նախագծերը համադրելու և մեկ միասնական նախագիծ ստանալու ուղղությամբ, ինչին մենք համաձայնել ենք, թեպետ, անկեղծ ասած, այն չէր մտնում մեր գործառույթների մեջ:
«Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը»՝ պահպանելով կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ հանձնաժողովին է ներկայացրել ինչպես իր կողմից ստեղծված նախագիծը, այնպես էլ մինչ այդ երկու կողմերի իրավաբանների կողմից համադրված նախագիծը, որը, սակայն, չի հասել իր վերջնարդյունքին և չի քննարկվել կողմերի մասնակցությամբ: Այդ մասին ««Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը» ՀՀ ԱԺ հանձնաժողովին ուղղված պաշտոնական նամակում մանրամասն բացատրություն է տվել: Ի դեպ, այդ նամակը ստացել է նաև տիկին Կոստանյանը:
Ես այս պահին նպատակահարմար չեմ համարում բացել բոլոր փակագծերը, թե ինչու նախագծերի համադրումը չի հասել իր վերջնարդյունքին, նախ որովհետև չկա նպատակ ավելորդ շարժունակությամբ ծանր աշխատանք անելու տպավորություն թողնել և հանրային դիրքավորում ապահովել, և երկրորդը, որ այս պահին ՀՀ ԱԺ պատգամավոր, ԳԿՄՍԵՍ հարցերի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ երկու նախագծերի համադրման գործընթացը կարող է շարունակվել և ես հույս ունեմ՝ դրական ավարտով, եթե կրկին մանիպուլյատիվ գործընթացներ չիրականացվեն: Շատ լավ է, որ պատգամավորները և տիկին Կոստանյանը մասնավորապես, ցանկություն ունեն խթանել ոլորտի խնդիրների կարգավորմանը, բայց այդ գործընթացը պետք է ընթանա բացառապես ոլորտի շահերից ելնելով և ոլորտի խորքային ընկալմամբ:
Առ այս պահը, անկեղծ ասած, տիկին Աննա Կոստանյանին փորձել ենք ընկալել որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, որն ունի գործառույթ՝ խթանելու աշխատանքների ընթացքը և հույս ունենք շարունակել այդ ընկալումը, այլ ոչ թե ընկալել որպես կողմ:
-Պարոն Մանուկյան, օգտվելով առիթից, կուզեի իմանալ նաև Ձեր կարծիքը «Հայֆիլմի» վերածննդի խնդրի հետ կապված, քանի որ տիկին Կոստանյանը անդրադարձել է նաև այդ խնդրին, մասնավորապես քննադատելով Ազգային կինոկենտրոնի տնօրեն տիկին Շ. Միրզախանյանին վերջինիս «եթե այսօր ասում ենք «Հայֆիլմի» վերածնունդ, ապա պետք է հիշել, որ «Հայֆիլմի» վերածնունդը տարածքը չէ, այլ ժառանգությունը» խոսքերի համար, նշելով, որ կուզեր վերջինիս այս համարձակ խոսքերը լսել նաև նախկին իշխանությունների օրոք, երբ կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում հայկական կինոն դեգրադացիա ապրեց:
– Անկեղծ ասած, չէի ցանկանա տիկին Կոստանյանի մտքերը մեկնաբանել, մանավանդ, որ հարցազրույցը չեմ կարդացել և չգիտեմ, թե դրանք որքանով են հենց իր մտքերը, բայց գիտեք, շատ պատգամավորներ կան (և ոչ միայն պատգամավորներ, իհարկե, այլ նաև տարբեր, այսպես ասած, ոլորտով շահագրգիռ մարդիկ, որոնց գրգիռները մի քիչ այլ վեկտորներ ունեն), որոնք տարբեր առիթներով տարբեր մտքեր են արտահայտում, բայց հաճախ շատ դժվար է լինում դրանք մեկնաբանելը, մանավանդ, որ երբեմն ուղղակի ցանկություն չի մնում: Վստահ եմ, որ բոլոր նրանք, որոնք անընդհատ խոսում են «Հայֆիլմի» վերածնունդից, վերհառնումից, վերականգնումից, երբեմնի փառքից և այլն, ուղղակի կրկին մանիպուլացնում են հասարակությանը և խորապես չեն տիրապետում խնդիրներին: Խոսել կարելի է ամեն ինչի մասին, մանավանդ, այն թեմաների, որոնք մեծ պաթոսի ու ազգային սնապարծություններ գրգռելու ներուժ ունեն, բայց իրականությունը և ժամանակակից աշխարհը այլ բանի մասին են խոսում:
Ինչ վերաբերում է Ազգային կինոկենտրոնի տնօրենի ասածին, ես չգիտեմ, թե ինչ է ասել վերջինս, չեմ հետևել, բայց եթե Ձեր նշածն է, ապա որևէ մեկը այլ կարծիք ունի՞, թե «Հայֆիլմը» տարածքը չէ, այլ ժառանգությունն է: Ինչ որ մեկը կա, որ կարծում է, թե «Հայֆիլմը» տարա՞ծքն է: Ինչ վերաբերում է, թե համարձակ խոսքեր չեն լսվել նախկինում, ապա պետք է հիասթափեցնեմ: «Հայֆիլմի» թալանի ու Ազգային կինոկենտրոնում նախկինում եղած կոռուպցիոն համակարգերի մասին բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք բավարար են դրանք որպես հաղորդագրություններ հանցագործությունների մասին ընդունելու և դրանցով զբաղվելու համար: Անկեղծ ասած, չեմ հիշում, թե հեղափոխությունից առաջ տիկին Աննա Կոստանյանն էլ պայքարի առաջնագծի հեղափոխական տրիբուն էր և կինոոլորտի կոռուպցիոն խնդիրների մասին բարձրաձայնողը:
Ամեն դեպքում ասեմ, որ կոռուպցիոն սխեմաները Շուշանիկ Միրզախանյանի նշանակումից հետո ազգային կինոկենտրոնի ղեկավարի պաշտոնում, այդ կառույցից արմատախիլ են արված: Իսկ հայկական կինոյի դեգրադացման, մահվան, կործանման մասին խոսակցությունները նույնպես մանիպուլյացիաների ոլորտից են:
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ