«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրել էր ծրարով փող ստացող նախարարների մասին:
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Մանե Թանդիլյանն ասաց, որ վարչապետի այդ եւ նմանօրինակ հայտարարությունները պետք է քննության առարկա դառնան եւ կա’մ հերքվեն, կա’մ հաստատվեն պաշտոնապես. «Այսօր կառավարությունում կան նախարարներ, ովքեր նախկին կառավարության նախարարներ են, հետեւաբար վարչապետը այս պարագայում, որպես գործատու, արդյոք իր նախարարին նման հա՞րց էր ուղել, կամ որքանո՞վ է իր հայտարարությունը հիմնավոր: Կամ ասել են՝ այո, կա՛մ ասել են ոչ, կա՛մ էլ չի հարցրել, ինչպես ինքն է ասում: Վարչապետը չի կարող անել այդ որակի, այդ տիպի հայտարարություններ»:
Նույնն էլ դավաճանների մասին հայտարարությունն է, ըստ Թանդիլյանի, պետական անվտանգության հարց է, երբ վարչապետը որեւէ մեկին որակում է դավաճան ու անպայման պետք է գնալ այդ հետքերով. «Երբ մեկին ասում ենք դավաճան, ընկալո՞ւմ ենք ինչ է դա նշանակում»: Մանե Թանդիլյանն ասաց, որ եթե վարչապետը հանձնարարություն է տվել, կհետեւի, տեսնի՝ հայտնաբերվե՞ց ծրարով աշխատավարձ ստացող, թե՞ ոչ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց. «Ոչ մի հայտարարություն մենք չենք թողնում անհետեւանք: Երբ ասվեց՝ կան դավաճաններ, ասեցինք՝ ասեք ովքեր են: Երբ աշխատավարձերը ավելացրել են, ասել ենք՝ պարոն վարչապետ, ինչո՞ւ եք կրկնապատկել, ընդ որում՝ գաղտնի: Ասվել է, որ ախր դու էլ գիտեք, նախարարները ծրարներով թող են ստացել, հետեւաբար կրկնապատկել ենք: Հիմա տիկին Թանդիլյանը հարցնում է՝ ովքե՞ր են ծրարով փող ստացել, այդ ծրարով փող ստացողների մի մասը ձեր կաբինետում են, ձեր կառավարության անդամ են, հարցրե՞լ եք իրենց՝ ծրարով փող ստացե՞լ են, թե՞ չէ, ասենք, Ջանջուղազյանը ծրարով ստացե՞լ է, ու դա նորմա՞լ է, որ այդ կաբինետում է աշխատում ՀՀԿ-ից հետո: Եթե չի հարցրել, ապա ինչի՞ է նման բան հայտարարում, իր կողքը աշխատող մարդ կա, կարող է հարցնել: Եթե Ջանջուղազյանը չի ստացել, կարո՞ղ է տեսել է ով է ստացել, եթե չի տեսել, կարո՞ղ է լսել է իր կողքիններից: Ծրարով փող ստացողների մի մասը հեղափոխության կառավարության մեջ են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ