«Հիմա մի շարք օրենսդրական բարեփոխումներ ենք նախաձեռնում՝ բացառելու համար հանքարդյունաբերողների՝ «վճարիր, այնուհետեւ՝ աղտոտիր» սկզբունքը»,-մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ նախապատրաստվող կարեւոր օրենսդրական փոփոխություններից մեկն ընդերքաբանական փորձաքննության մասին է. «Օրենքով այն նախատեսված է, բայց, փաստացի, չէր արվում: Կարեւոր փաստաթուղթ է մշակվում, որը կպատասխանի հարցին՝ այն բնական պաշարները, որոնք հաստատվում են, իսկապե՞ս գոյություն ունեն: Մի օրինակ բերեմ՝ կապված Թուխ Մանուկի ոսկու հանքավայրի հետ: Տարիներ առաջ այն ժամանակվա Էներգետիկայի նախարարությունը հաստատեց, որ այդտեղ ութ տոննա ոսկի կա, իսկ հետո փորձաքննությունը հաստատեց՝ առկա է 35 տոննա ոսկի, բայց իրենք գրել էին, իբրեւ թերի են ուսումնասիրել: Հիմա տեղում լքված պոչամբարներ են: Այդ կազմակերպությունը սնանկացավ եւ ՀՀ-ին թողեց միլիոնավոր դոլարների վնասներ: Այսինքն, պետական մարմինը հաստատել էր մի ծավալ, որն իրականում չի եղել»:
Գրիգորյանը նաեւ շեշտեց, որ շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությանն առնչվող օրենքներն են բարեփոխվում, նախագիծը վարչապետի աշխատակազմում է: Մեկ այլ բարեփոխում էլ, նախարարի փոխանցմամբ, վերաբերում է հետեւյալին. «Մետաղական հանքարդյունաբերողները երեք ամիսը մեկ պարտադիր մշտադիտարկում պետք է անցկացնեն՝ օդ, ջուր, թափոններ, կենսաբազմազանություն, ամեն ինչ: Այդ մշտադիտարկումը պետք է արվի միայն արտոնագրված լաբորատորիաներում: Այս պայմանն ամրագրված է լինելու հանքը շահագործողի պայմանագրում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ