Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արամ Վարդանյանը ոչ բիզնեսմեն է եղել, ոչ պաշտոնյա, որտեղի՞ց այդ մարդուն միլիոնավոր դոլարների կարողություն». Սիսակ Գաբրիելյանը՝ Վստրեչի Ապերի մասին

Մարտ 09,2020 13:11

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հարցրեցին՝ որպես իրավաբան, ի՞նչ կարծիք ունի Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տուն իրավապահների ներխուժման մասին, երբ տանը 5-ամյա երեխա կար, դա շոուի շրջանակներո՞ւմ էր, ոստիկանապետի պաշտոնակատարից պարզաբանումներ չե՞ք պահանջելու: Նա պատասխանեց. «Պետությունը եւ պետական ինստիտուտները շոուներով չեն զբաղվում առհասարակ եւ համապատասխան, թեկուզ ուժի կիրառման անհրաժեշտություն է եղել, ես ենթադրում եմ, եղել է: Իսկ երեխայի տուժելու հետ կապված համապատասխան մարմիններից պետք է ստանաք տեղեկատվություն»:

Նա ասաց, որ կարող է որոշակի իրավիճակ լինել, որ եթե անձին բերման են ենթարկում, տանը կա կին, երեխա, հաճելի գործընթաց չի, բայց դա չի նշանակում, որ նման գործողություններ չպետք է անեն:

Իսկ «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանն այլ հարցադրում ուներ. «Արամ Վարդանյանը ոչ բիզնեսմեն է եղել, ոչ պաշտոնյա: Այդ տեսանյութը դիտելուց ինձ մոտ ողջամիտ հարց առաջացավ՝ որտեղի՞ց այդ մարդուն միլիոնավոր դոլարների կարողություն: Ես մտածում եմ, որ այդ շրջանակներում պետք է պարզվի՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ անունով մարդը որեւէ բիզնես չունի եւ տիրապետում է այդպիսի կարողությունների: Գուցե առաջադրված մեղադրանքի շրջանակներում է եղել»:

Հարցին՝ այն ժամանակ, երբ իշխանությունների կողմից սիրված Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր եւ մամուլն էլ աղաղակում էր, թե փոխկապակցված է «Վստրեչի Ապերի» հետ, այդ ժամանակ իշխանություններն ինչո՞ւ չպահանջեցին, որ այդ հարցի պատասխանը հանրությունը ստանա՝ որտեղի՞ց նրա միլիոնավոր կարողությունը՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ հիմա այդ գործընթացներն են ու հանրությունը կստանա այդ հարցի պատասխանը:

Հիշեցնենք, որ ժամանակին, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրել էր քրեական հեղինակություններ` «Վստրեչի Ապերի», «Թոխմախի Բաբոյի», «Վովայի Արշակի» հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ, պրն Վանեցյանը մասնավորապես ասել էր. «Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը, ես էլի իր հետ շփվել եմ մեկ-երկու անգամ՝ գործնական: Այսինքն, ինքը կատարել է իրավախախտում, ես իրեն բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031