Կորոնավիրուսի տարածման պատճառով Չինաստանից բժշկական դիմակների արտահանումը կաթվածահար է եղել, եւ հայաստանյան(ոչ միայն) առցանց տիրույթում վերջին շրջանում ծաղկում է դիմակների, իսկ օրերս արդեն՝ ձեռքերի ախտահանիչ միջոցների բիզնեսը:
Օգտատերերը դրանք վաճառում են թե հատով, թե տուփերով: Վերջին դեպքում զեղչ են անում, անգամ՝ անվճար առաքում:
Վաճառքի գրառումների տակ շրջում է կորոնավիրուսի «ուրվականը»՝ խուճապային եւ հուսահատ մեկնաբանությունների տեսքով:
Կարդացեք նաև
Ոմանք էլ զուգահեռ շտապում են հիշեցնել, որ դիմակը ժամեր շարունակ կրելն անիմաստ է: Հայտնի սոցցանցերից մեկում դիմակի գները շատ տարբեր են՝ հատը 150 դրամից մինչեւ 500 դրամ: Մի օգտատեր, ի զարմանք շատերի, դիմակի հատը 1300 դրամով է վաճառում:
Ի դեպ, վաճառքի հայաստանյան հայտնի կայքերից մեկում էլ դիմակների գներն են 200, 350, 160, կամ 215 դրամ: Կայքում օգտատերերից մեկն «ածխային դիմակ» է առաջարկում եւ վստահեցնում, որ դրա պաշտպանությունն ավելի արդյունավետ է:
Մի դեպքում էլ եռաշերտ դիմակի 10 հատն արժե 3200 դրամ՝ 500 դրամ արժողությամբ առաքմամբ: Մի քաղաքացի էլ հատը 600 դրամով «ֆիլտրով դիմակ» է վաճառում՝ հայտարարության մեջ հորդորելով «անիմաստ չզանգել»:
«Ֆիլտրով դիմակի» հատը նաեւ 850 դրամով վաճառող կա: Մի օգտատեր էլ բժշկական դիմակի արտադրման համար անհրաժեշտ կտոր եւ սավան է վաճառում՝ 10 000 դրամով: Հայտնի կայքում կան նաեւ այսպես կոչված «կրեատիվ» դիմակներ: Վաճառողը դրանք մոդայիկ է որակում եւ առաջարկում գնել հատը 1500 դրամով:
Այս ամենի ֆոնին կան նաեւ մարդիկ, որոնք իրենց էջերում տեղադրում են տեսանյութեր, թե ինչպես կարելի է սեփական ձեռքերով դիմակ պատրաստել: Մի քաղաքացի էլ որոշել է իրավիճակից բիզնես չսարքել եւ իր պատրաստած դիմակներն անվճար բաժանել անցորդներին:
Սոցցանցում հումորի պակաս եւս չի զգացվում. ոմանք առաջարկում են մեքենան փոխանակել դիմակի հետ:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն օրերս լրագրողներին հայտնեց, որ համացանցում դիմակ վաճառողները տնտեսվարող սուբյեկտներ չեն, ուստի նրանց գործունեությունը հանձնաժողովի տիրույթում չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.03.2020