Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեբույժի՝ իմ նկատմամբ հսկողությունը հաշվեհարդար է»

Մարտ 09,2020 13:00

«Երկու տարի երկու ամիս միանգամայն անհիմն, չհիմնավորված ես պառկել եմ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: Ես շրջապատի համար վտանգ ներկայացնող հոգեկան հիվանդությամբ չեմ տառապել, եւ փակ լինելով, ըստ էության, այդ կենտրոնը իրենից ներկայացնում է պատժիչ հիմնարկ: Ես երբեք չեմ տվել իմ համաձայնությունը բժշկական միջամտության համար»,-վերաքննիչ դատարանում օրերս ավարտված իր գործով ասաց Աստղիկ Խ.-ն:

«Ավան հոգեկան առողջության կենտրոնի» դեմ վերաքննիչ բողոքը մերժվեց, եւ կենտրոնը ըստ էության հաղթեց երկրորդ դատական ատյանում:

«Քրեական օրենքով արգելված արարք կատարած» Աստղիկ Խ.-ի նկատմամբ նշանակված հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը եւ հարկադիր բուժումն ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին նրանց պահանջը կկատարվի, եթե ինչպես «Առավոտին» տեղեկացրած Աստղիկ Խ.-ի վճռաբեկ բողոքը չբավարարվի:

Անցյալ տարվա փետրվարից սկսվել են այս միջնորդության հետ կապված դատական գործընթացները: «Վտանգավոր» հիվանդի գործով ամիսներ շարունակ հոգեկան առողջության կենտրոնի ներկայացուցիչները չեն գալիս դատարան, օրինական ներկայացուցիչը:

Վերաքննիչ դատարանին Աստղիկը ներկայացրեց առողջապահության նախարարին գրած իր նամակը, միայն ձեռագիրն ու գրագետ շարադրանքը բավարար էին ավելի ուշադիր եւ նրբանկատ գտնվել «հիվանդի» նկատմամբ, անգամ դատարանն է զարմացել:

Աստղիկ Խ.-ն դատարանին հայտնել էր, որ իր նկատմամբ ամենը սկսվել է այն ժամանակվանից, երբ իրեն աշխատանքից ազատել էին, եւ նա միայնակ սկսել է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց իր բողոքն արտահայտել:

Աստղիկը իր նամակում նախարարին տեղեկացրել է, որ հիվանդ չէ, անմեղսունակ չէ, եւ կամավոր չի շարունակի բուժումը: Դատարանին ներկայացրած միջնորդության մեջ հոգեկան առողջության կենտրոնը նշել է, որ Աստղիկ Խ.-ն չի հաճախում տեղամասային հոգեբույժի մոտ, չի ստանում դեղորայք, քանի որ իրեն չի համարում հոգեկան հիվանդ: Դատարանում էլ նա հայտնեց, որ դեղեր չի ընդունել այնտեղ գտնվելով, չի ընդունի, ինչին, երբ կին դատավորը հարցրեց՝ ինչպես, Աստղիկ Խ.-ն ասաց. «Երբ իմ փոխարեն լինեք, դուք էլ կիմանաք՝ ինչպես»:

Բարձրագույն կրթություն ունեցող, Երեւանի պետական համալսարանը փայլուն առաջադիմությամբ ավարտածին անմեղսունակ են ճանաչել եւ փորձել մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ հարեւանի տան գույքը «միտումնավոր» վնասել է, այն է` ջուր է բաց թողել, կես միլիոն դրամից ավելի վնաս պատճառելով նրան:

Հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային հարկադիր հիվանդների վերանայման հանձնաժողովի եզրակացության համաձայն էլ, Աստղիկ Խ.-ն ունի հսկողությունը շարունակելու կարիք, ուստի հարկադիր բուժումը նա պետք է շարունակի հարկադիր հոգեբուժական բաժանմունքում:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ՀՔԾ-ին հաղորդում է տվել Աստղիկ Խ.-ն: Նա հայտնել էր, որ ոստիկանության Կենտրոնի աշխատակիցները կոտրել են իրենց բնակարանի դուռը, ապօրինի մտել բնակարան, ապօրինի զննել իր տան ջրագծերը: Բողոքաբերը բնակվում է իր մոր հետ, որեւէ շփում չունի հարեւանների հետ: Աստղիկին շղթայակապ բերման են ենթարկել, երբ մոր ահազանգից հետո նա գնացել էր տուն, չորս ժամ շղթայակապ այդ վիճակով պահել են ոստիկանությունում, «ջրի գործով» Աստղիկ Խ.-ի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց կալանավորում երկու ամսով: Նրան բերման ենթարկելու ժամանակ, ոստիկանների հետ ներկա են գտնվել նաեւ ԱԻՆ փրկարարները, քանի որ երբ թակել են դուռը, եւ այն չի բացվել, մտածել են, թե հնարավոր է փրկարարների անհրաժեշտությունը լինի` ջրի արտահոսք, մահացած մեկը… բնակարանի դուռը բացելուց հետո պարզվել էր, որ Աստղիկն ու մայրը հյուրասենյակում են եղել: Այն, որ Աստղիկին ձեռնաշղթաներ են հագցրել, հաստատել են բնակարան գնացած ոստիկանության չորս տեսուչները, չորս ԱԻՆ աշխատակիցները: Ըստ ՀՔԾ-ի որոշման նկարագրական մասի էլ, ոստիկանները համատիրության աշխատակիցների հետ ջրի հետ կապված բողոք լսելուց հետո եկել են Աստղիկ Խ.-ի բնակարան, նրա մայրը բացել է դուռը, զարմացել, որ կա բողոք, թե ջուր են բաց թողել հարեւանների վրա, տեսել են ջրագիծը չոր է, տանն իրոք ջրի արտահոսք չկա: Դուռը փրկարարների կողմից կոտրելու, դռան փականների, դիտանցքի վնասի չափը որոշելու համար էլ նշանակվել էր դատաապրանքագիտական փորձաքննություն. նյութական վնասը կազմել էր մինչեւ քսանհինգ հազար դրամ գումար:

Աստղիկ Խ.-ն մտադիր է որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031