Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանթաշյանցը 178 տարեկան է

Մարտ 09,2020 12:00

Հայ ժողովրդի արժանավոր զավակի ծննդյան օրը մարտի 3-ն է

Ալեքսանդր Մանթաշյանցը իր կյանքի ու գործունեության ընթացքում ոչ միայն նվաճեց գործարարության բարձունքները, այլեւ ցույց տվեց, թե ինչ է իսկական բարեգործությունը՝ համազգային հիմնախնդիրների լուծումներից մինչեւ առօրյա դժվարությունների մեջ գտնվող մարդու կողքին կանգնելը։ Այս ամենի մասին նա նախընտրում էր լռել, քան թե բարձրաձայնել։ Ձգտում էր հեռու մնալ իր բարեգործության հասցեներից։ Նա անգամ չմասնակցեց Փարիզի կենտրոնում՝ Ժանգուժոն փողոցի վրա իր հովանավորությամբ կառուցած եկեղեցու բացմանը. չմասնակցեց, երկու օր առաջ գնացքով հեռացավ դեպի Ժնեւ՝ բարեմաղթանքի խոսքեր թողնելով մասնակիցների համար։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Նա համազգային դրամահավաքի համար պատրաստ էր օրերով շրջել Թիֆլիսի փողոցներով՝ այցելել հայ առեւտրականներին ու գործարարներին՝ հանուն հայության խնդիրների լուծման հայցել նրանց աջակցությունը ու օգնությունը։ Որպես կանոն, հավաքված գումարը նա կրկնապատկում էր իր սեփական միջոցներից։

Այս եւ նման խոհերով ու մտորումներով ես ամեն տարի՝ սկսած 2012 թվականից, այցելում եմ Երեւանի կետրոնում գտնվող մեր մեծ հայրենակցի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին, գարնանային ծաղիկներ խոնարհում։ Բացառություն չէր այս մարտի 3-ը։ Աբովյան փողոցով քայլողները կանգ էին առնում արձանի մոտ, որովհետեւ այնտեղ Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության կողմից դրված ծաղկեպսակը հուշում էր նրա ծննդյան օրվա մասին, իսկ ծաղիկները վկայում էին, որ այսօր առանձնահատուկ օր է։ Այս էլ ութ տարի միության անդամներն ամեն մարտի 3-ին միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ այցելում են մեծ գործարարի արձանին՝ այդպես սկսելով գործարարի օրվա տոնակատարությունը։ Ընդհանրապես Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը նախանձախնդիր է Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքի եւ գործունեության հանրայնացման գործում։ Գրքեր են տպագրվել, տեսաֆիլմեր նկարահանվել, ամեն տարի տարբեր ասելիք ունեցող միջոցառումներ կազմակերպել։ Մի առիթով Արսեն Ղազարյանն ասաց, որ շատ ուսանելի դասեր է թողել Ալեքսանդր Մանթաշյանցը։ Նրա եւ նրա նման մարդկանց մասին պետք է շարունակել անընդհատ պատմել։

Հենց այսօր «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանը ինձ տեղեկացրեց, որ հրատարակչությունը տպագրության է պատրաստում գրող Արմեն Գասպարյանի «Կովկասի արքան» կենսագրական վեպը՝ նվիրված մեծ գործարարին ու բարերարին։ «Մենք ուզում ենք, որ այսօրվա երիտասարդությանը ժամանակակից ասելիքով ու լեզվով կարողանանք ներկայացնել մեր ժողովրդի արժանավոր զավակներին ու նրանց թողած ժառանգությունը,- ասում է Մկրտիչ Կարապետյանը,- Ալեքսանդր Մանթաշյանցի եւ սերնդակիցների գործարարության, եւ մեկենասության թողած դասերը այսօր էլ կարող են օգտակար լինել, չնայած մեր գործարարները, օրինակ, աջակից են լինում գրքերի տպագրության գործին։ Կոնկրետ Թումանյանական «Հոբելյանական հատընտիրը» հրատարակվեց «Ապավեն» ընկերության (համահիմնադիրներ՝ Արսեն Ղազարյան, Գագիկ Աղաջանյան) աջակցությամբ»։ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը իրենց ապագա ծրագրերում, մասնավորապես՝ Ալեքսանդր Մանթաշյանցի 180-ամյակի առթիվ տեսնում է հետաքրքիր մի ավտոարշավի կազմակերպման անհրաժեշտություն:

Օրեր առաջ առիթ ունեցա Փարիզում ապրող Մանթաշյանցի ծոռան՝ Միշելի (Միքայելի) հետ հեռախոսազրույց ունենալու։ Տեղյակ պահեցի հրատարակությունում պատրաստվող գրքի մասին։ Ուրախացավ, ասաց հորը՝ կրտսեր Ալեքսանդր Մանթաշյանցին տեղյակ կպահի այդ մասին։ Ավելացրեց, որ հոր հետ հիշում են 2012 թվականի այցելությունը Հայաստան ու Վրաստան, իրենց այցելությունները իրենց մեծ պապի ոտնահետքերով էին։ Շատ ուրախ են, որ այսօր էլ մեծ բարերարին իրենց հայրենիքում չեն մոռանում։

Այս պահին ես էլ մտովի ետ գնացի դեպի 2012 թվականի այն օրերը, երբ Մանթաշյանցի ժառանգները Հայաստանում էին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետը չափազանց ջերմ ընդունելությունից հետո պատվավոր հյուրերին առաջնորդում է Վեհարան, որը կառուցվել էր Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով։ Թոռն ասաց, որ շատ էր լսել, բայց չէր պատկերացնում, որ այսպիսի հրաշալի կառույց է։ Վեհափառն ասաց, որ Ձեր տուն եք եկել։ Մանթաշյանցի անվանակից թոռը հուզվեց՝ Ալեքսանդր կրտսերը՝ Սանդրիկը, արցունքներն աչքերին լսում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքերն ու աղոթքները։ Հրաժեշտին Վեհափառն ասաց՝ «Ամեն տարի եկեք»…

Այսպես հերթագայում են հիշողությունները, մղելով երկար մնալ մեր ժողովրդի արժանավոր զավակի կերպարի հետ։ Մեզ մնում է ասել. «Շնորհավոր ծնունդդ, մեծ ազգասեր…»:

Սերգո ԵՐԻՑՅԱՆ

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
09.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031