Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը զոհված զինծառայողների ծնողներին առաջարկել է ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ

Մարտ 08,2020 12:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է սգակիր մայրերին Մարտի 8-ի առթիվ և նշել, որ այսօրվա հանդիպման հիմնական նպատակը նրանց տոնի առիթով շնորհավորելը չէ:

«Այսօրվա խորհուրդը նաև փորձել ենք օգտագործել մեր խոսակցության համար: Ուզում եմ ասել, որ այսօրվա մեր քննարկման թեման չի լինելու նաև քրեական գործերի ընթացքը, հանգամանքները և մանրամասների քննությունը, այլ մեր քննարկումը լինելու է շատ ավելի լայն: Նախ ուզում եմ ասել, թե ինչպես եմ վերաբերվում այն փաստին, որ շատ հաճախ, որոշակի պարբերականությամբ դուք ստիպված եք լինում կառավարության կամ տարբեր պետական գերատեսչությունների առաջ ակցիաներ կազմակերպել: Ես չգիտեմ դա դրսից ինչպես է երևում, բայց դա ինձ համար ամեն անգամ շատ մեծ ցավ է և կարծում եմ` մեծ ցավ է նաև Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի համար:

Բայց այստեղ կա մի գլոբալ հարց, իսկ ինչո՞վ է ավարտվելու այս ամեն ինչը, որովհետև այստեղ շատ պարզ խնդիր կա դրված, մենք պետք է ունենանք հանգուցալուծում, որովհետև դա ինչպես առաջին հերթին ձեզ համար է ցավ, ցավ է նաև մեր ժողովրդի համար: Մենք պետք է հասկանանք, որ պետք է գտնել լուծում, սա համարում եմ մեր ընդհանուր խնդիրը, ընդհանուր ասելով, նկատի ունեմ մեր ժողովրդի խնդիրը, որովհետև մարդկանց մոտ էլ բնական հարց է առաջանում, թե սա ի՞նչ պատմություն է և այս պատմությունը երբ է ավարտ ունենալու:

Սա խնդիր է մեր պետության, Զինված ուժերի, իրավապահ համակարգի, կառավարության համար և հետևաբար, ես այսօր հրավիրել եմ ձեզ լուծման տարբերակներ առաջարկելու, որովհետև մեր առաջին հանդիպման ժամանակ մենք ինչ-որ մի լուծման բանաձևի շուրջ համաձայնվեցինք, բայց որքանով հասկացանք՝ այդ բանաձևը չի աշխատում և մեզ պետք է գտնել նոր բանաձև: Բայց ես ուզում եմ նախ լինի մեկ նախնական պայմանավորվածություն, որ մենք բոլորս պայմանավորվում ենք մի հանգամանքի շուրջ, առանց բացառության պետք է ընդունենք ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսին է այդ ճշմարտությունը, անկախ նրանից` մեզնից յուրաքանչյուրին որքանով է ընդունելի, որքանով՝ անընդունելի, որքանով ենք մենք ուզում համակերպվենք: Բայց ի վերջո բոլորս պետք է առերեսվենք այդ ճշմարտության հետ:

Ես այսօր խնդիր եմ համարում հետևյալը. այս ամենի արդյունքում դուք պետք է դադարեցնեք ձեր ակցիաները, ոչ թե նրա համար, որ ուղղակի դադարեցնեք, այլ նրա, որ մենք պետք է համաձայնության գանք ճշմարտության հասնելու եղանակների շուրջ: Եթե, իհարկե, համաձայնության չգանք, բնականաբար դուք կշարունակեք»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն առաջարկել է ծնողներին ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի վերջիններիս համար վստահելի երեք փաստաբաններից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննչական խմբում կընդգրկվեն նաև իր կողմից առաջադրված երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանա ծնողների հավանությանը: Վարչապետը հավելել է, որ բոլոր իրավաբանների ծախսերը կհոգա կառավարությունը և ծնողներն իրենք քննչական խմբի հետ համաձայնությամբ կորոշեն քրեական գործերի քննման սկզբունքը՝ առաջնորդվել այբբենական կարգով, թե վաղեմության ժամկետով: Կարևորվել է նաև, որպեսզի քննչական խմբի անդամները մինչ այժմ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերին:

Վարչապետի առաջարկի շուրջ ծավալվել է քննարկում, Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների հարցերն ու առաջարկությունները: Արդյունքում՝ վերը նշված առաջարկն արժանացել է հավանության և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծնողները ապրիլի 10-ին գրավոր կներկայացնեն փաստաբանների իրենց թեկնածուներին: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նաև մինչ ապրիլի 10-ը հանդիպել ևս մեկ անգամ՝ աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու նպատակով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031