Ինչպես տեղեկացրել ենք, լարված իրավիճակ է ստեղծվել Գյումրու թիվ 19 դպրոցում, տնօրեն Նարինե Մեսրոպյանը պաշտոնազրկվել էր անցած տարվա փետրվարին։
Այդ ժամանակ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր էր ներկայացրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, մարզպետն էլ անվստահություն էր հայտնել նրան։ Դատախազը որպես հիմք՝ ընդունել էր հարուցված քրեական գործը, որի մեջ ներգրավված էին դպրոցի 25 աշխատակիցներ։ Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին։
Ինչևէ, Նարինե Մեսրոպյանը դատարանի որոշմամբ օրերս վերականգնվել էր պաշտոնում, սակայն կոլեկտիվը դեմ էր նրան։ Կոլեկտիվի անդամները նրա պաշտոնավարման դեմ բողոք էին ներկայացրել թե՛ մարզպետին, թե՛ դատախազին։
Շիրակի դատախազը նորից գրություն էր ուղարկել մարզպետին։ Այս մասին մի քանի օր առաջ մեզ տեղեկացրել էր Շիրակի մարզպետը՝ նշելով, որ նույն դպրոցի հետ կապված նորից ահազանգ է ստացել Շիրակի մարզի դատախազությունից՝ երկու մտահոգիչ դրվագներով։
Կարդացեք նաև
Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ երեկ լուծարել է պայմանագիրը դատարանով վերականգնված տնօրենի հետ։
«Այս ընթացքում հանդիպել ենք թե՛ դպրոցական անձնակազմի, թե՛ ծնողների հետ, մտահոգությունները բավականին խորքային են, որևէ անձնական կոմպոնենտ չկա, ինչպես փորձում է ներկայացնել, քաղաքական կոմպոնենտ առավել ևս չկա, որովհետև ես ընդամենը երկու օր առաջ եմ բացահայտել, որ այդ կինը նաև քաղաքական կուսակցության ներկայացուցիչ է։
Գործընթացում ես տեսել եմ մտահոգություն և այդ մտահոգությամբ պայմանավորված՝ երեկ ստորագրել եմ էլի անվստահության հիմքով՝ նույն հիմքով ազատելու որոշում»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։
Նա պնդում է, որ որևէ քաղաքական հետապնդման չի ենթարկում Նարինե Մեսրոպյանին։ Նարինե Մեսրոպյանը երկու օր առաջ մամուլի ասուլիս էր հրավիրել, նրա փաստաբանները պնդում էին, որ կա քաղաքական հետապնդման տարր։ Նարինե Մեսրոպյանը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է։
«Քաղաքական հետապնդման համար պետք է լինի քաղաքական հետքրքրվածություն։ Դերակատարի նկատմամբ, ում քաղաքական պատկանելիությունը ես բացահայտել եմ ընդամենը երկու օր առաջ, քաղաքական հետապնդումը բարձր է հնչում։ Անձնական որևէ խնդիր չունեմ Մեսրոպյան մարդու հետ, ճանաչելու հնարավորություն չենք ունեցել, աշխատանքային հարաբերությունների տիրույթում է որպես գործատու, ես անվստահություն ունեմ դերակատարի հետ, ոչ թե մարդու հետ։ Տիկին Մեսրոպյանի հետ ես երկու-երեք անգամ եմ հանդիպել մարդկային բարև, բարի լույսից այն կողմ մեր հարաբերությունները մնացել են, այսինքն ես այնտեղ որևէ խնդիր չեմ տեսնում մարդու հետ, ես խնդիր եմ տեսնում գործատու և աշխատող հարաբերություների տիրույթում։ Իհարկե, ինձ համար առաջնահերթությունն այդ միջավայրում կրթության որակի և կրթության շարունակականության ապահովման մոտեցումն է»,- ասաց մարզպետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ