Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է մարտական դիրքում զինծառայողի մահվան մասին: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հայտարարությունը, մարտի 7-ին ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Էլթուն Էլման օղլու Ղարաևը:
Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն, ըստ որի զինծառայողը «սպանվել է հայկական գնդակից»: Ադրբեջանական գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա ՊՍԾ-ի երկրորդ կորուստն է:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն հայ դիրքապահները կանխել են ադրբեջանական դիվերսիոն փորձը: Հյուսիսարևելյան մարտական դիրքի մոտ Ադրբեջանական կողմը կորուստներ է տվել և հետ շպրտվել՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ