Մարտի 4-ից սկսած «Քյուպիդ կացարան» կենդանիների իրավունքների պաշտպանության հ/կ-ի կացարանի հիմնադիրներն իրենց պատկանող տարածքում երկու անգամ զարհուրելի տեսարան են արձանագրել: Նախ, մարտի 4-ին պարսպապատ տարածքում խնամվող շներից երկուսին անշնչացած են հայտնաբերվել:
Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հետ զրույցում «Քյուպիդ-կացարան»-ի հիմնադիրներից Մուշեղ Չաղլասյանը պատմեց. «3 տարի փրկում եւ խնամում ենք անտուն շներին: Այդպես մի քանի շան, որոնց կյանքը վտանգված էր, պահում էինք մեր սեփական փակ տարածքում, ամեն օր կերակրում: Հարեւանները բողոքում էին, որ շները հաչում են: Մարտի 4-ին մտնում եմ կացարան եւ արձանագրում, որ 6 շներից մեկը սատկած է, մյուսը՝ մահամերձ վիճակում: Վերջինիս հասցրինք կլինիկա, բայց նա էլ սատկեց: Շներին թունավորել էին: Անասնաբույժն ասաց, որ հնարավոր չէ առողջ շան օրգանիզմում մի օրում այդքան թարախ կուտակված լիներ: Դա միայն թույնը կարող է անել: Երկու շներն էլ պատվաստված էին, առողջական խնդիրներ չունեին»:
Մուշեղ Չաղլասյանը կասկածում է, որ կատարվածը տարածքի հարեւանների ձեռքի գործն է. «Երեւի ոգեւորվել են շների դեմ վերջին շրջանի այս աղմուկից: Կարծում ենք՝ մսի մեջ թույն են դրել, նետել շների դիմաց, նրանք էլ կերել-թունավորվել են: Կանչեցինք ոստիկանների: Սկզբում փոքր-ինչ անլուրջ էին վերաբերվում: Թաղային ոստիկաններին բացատրում ենք, թե ինչ է եղել, բայց ասում են՝ «բա մե՞զ ինչու եք կանչել»… Այդպես մնացին չորս շուն: Ոստիկաններին խնդրեցինք նորմալ աշխատել եւ հենց այդ օրը զգուշացնել հարեւաններին, որպեսզի նույն բանը չկրկնվի: Մենք գիտեինք՝ ում կասկածել: Ոստիկաններն ասացին, որ կզգուշացնեն: Մարտի 5-ին եկանք կացարան ու ավելի վատ տեսարան արձանագրեցինք: Մտել էին պարսպից ներս եւ ինչ-որ սուր բանով շներից մեկի փորը պատռել…մի քանի բանով էլ հարվածել էին: Կային խողովակներ՝ արյան հետքերով: Կենդանին արդեն անշունչ էր»:
Կարդացեք նաև
Մուշեղ Չաղլասյանի խոսքով՝ մյուս երեք շներին ստիպված տեղափոխել են այդ տարածքից. «Կրկին ոստիկանություն կանչեցինք: Ասացին՝ «դե երեկ եկել ենք, ի՞նչ իմաստ կա այսօր էլ գալու»… հակադարձեցի, որ մեր տարածք են ներխուժել, ինչից հետո մոտեցան: Ոստիկանության բաժնում արդեն հետաքննիչներն ավելի լուրջ տպավորություն թողեցին, հայտնեցի, թե որ հարեւաններն են վատ տրամադրված եղել, երբեմն ինչ-որ բաներ նետել մեր հողատարածք: Մարտի 6-ին սպանված շան դին տարանք փորձաքննության: Պարզ է, որ նրան այլ շներ չեն վնասել: Աբովյանի ոստիկանությունում ինձ հույս ներշնչեցին, որ լուրջ են տրամադրված: Անձանցից մեկը, ում կասկածում ենք, ոստիկանությունում է աշխատում, իսկ մյուսը կին է, ում ամուսինը, որը մահացած է, ոստիկանության պաշտոնյա է եղել: Նրանք մտերիմ են թաղային ոստիկանի հետ: Ոստիկաններն ինձ վստահեցրին, որ կողմնապահություն չի կարող լինել»:
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ ոստիկանները պետք է դիտարկեն հարեւան առանձնատների տեսախցիկների արձանագրությունները. տարածքն անմիջապես տեսախցիկների գոտում չէ, բայց հարակից տարածքները նկարահանվում են: Ինչ վերաբերում է վերջին շրջանում ակտիվ քննարկվող թափառող կենդանիների խնդրին, Մուշեղ Չաղլասյանից հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ՝ ո՞րն է հարցի լուծումը: Նա պատասխանեց. «Նախ շեշտենք, որ մարդկանց մեծամասնությունն ատելությամբ է լցված: Մեր շների դեպքի հետ կապված շատերն ասում էին՝ «լավ են անում, երեխաների վրա են հարձակվում»… նրանք չեն գիտակցում, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել: Պնդում եմ, որ ուրիշի տարածք մտնելն ու կենդանուն թունավորելը, դանակով դաժանաբար սպանելը հանցագործություն են եւ պատասխանատվություն են ենթադրում՝ այդ թվում ազատազրկման ձեւով: Կարծում եմ՝ նախ մի քանի հոգի պետք է պատժվեն, որպեսզի հարցը սկսի լուծվել, որպեսզի մարդիկ լուրջ վերաբերվեն եւ հասկանան, որ նման դեպքերը հանցագործություն են»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ճիշտ չէ մարդկանց մոտեցումը, որ շուն սպանելն արդարացի է, իսկ մարդասպանությունը՝ ոչ. «Սպանությունը սպանություն է՝ ամեն մեկն իր հերթին: Պետք է հետեւողական լինենք, որ ոստիկաններն իրենց գործն անեն, որ որոշները պատժվեն: Որ մեկը մյուսին սպանում է, չես գրի չէ՞, որ «լավ է արել»: Նույն մոտեցումը կենդանու դեպքում պետք է լինի: Ինչ վերաբերում է երեխաներին, աղմուկը շատ դեպքերում անտեղի է: Մենք, որ տարիներ շարունակ շների հետ ենք աշխատում, չենք տեսել կատաղած-հարձակվող շան: Նման դեպքերը շատ քիչ են, թեեւ լուծումը պետք է լինի պետության կողմից ավելի մեծ ֆինանսավորումը՝ կացարաններ բացելու, շներին ավելի ակտիվ ստերջացնելու հարցերում: Շանը վերացնելով հարցը չի լուծվում: Այս ամենը հետեւողականություն է պահանջում, բյուջեն ճիշտ պետք է ծախսվի: Եթե, օրինակ, փողոցում կա շուն, որի վարքն ագրեսիվ է, նրան բռնում-մեկուսացնում է ՀՈԱԿ-ը, եւ խնդիրը լուծված է: ՀՈԱԿ-ն ավելի ակտիվ պետք է աշխատի: Բարեգործական կազմակերպությունները եւս ֆինանսի կարիք ունեն: Եթե մենք, օրինակ, տարիներ շարունակ փողոցի շների մի մասին չպահեինք մեր կացարանում, նրանք բազմանալու էին, եւ այսպես շարունակ»: Հիշեցնենք, որ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը ՀՀ-ում քրեորեն պատժելի է արարք է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է «Քյուպիդ կացարանը»
«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ին դիմելու հեռախոսահամար՝ +374 95 85 99 06