Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական հարաբերություններում գնալով նոր խութեր են առաջանում․ «Փաստ»

Մարտ 07,2020 13:22

Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ տարբեր գնահատականներ է հնչեցնում հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ մասնավորաբար նշելով, թե դրանք «զարգանում են շատ արդյունավետ», կամ այդ հարաբերությունները որակում է «լավ և շիտակ» և այլն: Իր հարցազրույցներից մեկում էլ նա ասել է, թե «դրանք հարաբերություններ են՝ առանց մութ անկյունների»: Իրականում փորձագիտական լայն շրջանակները մեծամասամբ համաձայն չեն հենց այս վերջին ձևակերպման հետ, քանզի անցած մոտ երկու տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում ավելի շատ «մութ անկյուններ» առաջացան, քան հնարավոր է գտնել անցած քսան, նույնիսկ երեսուն տարիների ընթացքում:

Սակայն, չնայած ակնառու լարվածությանը, եթե գոնե հրապարակային հարթակում դիվանագիտական լեզվով պահպանվում են «բարիդրացիականության» կանոնները, ապա ռուսական լրատվամիջոցները գնալով ավելի են կոշտացնում գնահատականների տոնայնությունը:

Պատահական չէ, որ ռուսաստանյան լրատվամիջոցները անընդհատ անդրադառնում են հատկապես Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը՝ առանձնահատուկ նշելով, որ նա Վլադիմիր Պուտինի ընկերն է, որ նրա նկատմամբ իրականացվում է անձնական վրեժխնդրության վրա հիմնված հետապնդում և այլն:

Ի դեպ, Ռոման Բաբայանի հերթական ֆիլմը շատերը գնահատում են որպես պաշտոնական Մոսկվայի մեսիջ՝ ուղղված ՀՀ իշխանություններին, որ պետք է դադարեցնել Քոչարյանի քրեական հետապնդումը և վերջ տալ Արևմուտքի հետ երկակի «խաղերին»:

Օրերս էլ թեմային անդրադարձել էր նաև «Կոմերսանտ» թերթը, որն իր հետևություններում ավելի հեռուն էր գնացել՝ հայ-ռուսական հարաբերությունների ապագան պայմանավորելով Քոչարյանի գործոնով:

«Եթե մոտ ժամանակներս Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը իրավական հարթության մեջ չլուծվի, ապա նրա կալանավորումը կարող է ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում դառնալ ամենաակտուալ հարցը»,- գրել է թերթը՝ շեշտելով, որ «Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկերությունը չի թաքցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է հայռուսական հարաբերությունների նյարդային կետերից մեկը»:

Ավելին, պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, գրում է նաև, որ ռուսական կողմը Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական է համարում: Նշվում է, որ Քոչարյանի նկատմամբ գործը չի հանդիսանում բացառապես Հայաստանի ներքին հարցը: Մոսկվան հենց սկզբից ուշադիր հետևում է քաղաքական գործչի շուրջ ծավալվող իրադարձություններին: Երբ 2018 թվականին սկսվեց գործընթացը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այդպիսի գործողությունները «հակասում են Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն քաղաքական հետապնդում իրականացնել իրենց նախորդների նկատմամբ»:

Այս ֆոնին ուշագրավ էր հայկական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որը պետք է կայանար մարտին, ռուսական կողմը չեղարկել է: Թե որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը, դժվար է պատասխանել, սակայն այն, որ հայ-ռուսական հարաբերություններում գնալով նոր խութեր են առաջանում, կարծես հստակ է:

 

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031