Նշանակետեր, որոնք կարող են փոխվել, ուղենիշներ, որոնք այդպես էլ նպատակի հիմք չդարձան։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշված բաղադրիչներն է մատնանշում՝ նկարագրելու այն հարցերի պատասխանները, որոնք բխում են ներքին ու արտաքին ուղղություններով տարվող քաղաքականությունից, ինչպես նաև հասարակական հատվածում առկա տրամադրություններից։ Մի կողմից՝ առարկայական արդյունքների սպասելիքներ, մյուս կողմից՝ գործընթացներ, որոնք ուղեկցվում են նույն առարկայական արդյունքներն ապահովելու խոստումներով, բայց հաճախ դասվում են կեղծ օրակարգերի շարքին։
Մեր զրուցակիցն այս իրողությունը հետևյալ կերպ է բացատրում. «Պատճառն այն է, որ, առհասարակ, հեղափոխության նպատակը լինում է հենց հեղափոխությունը։ Այսինքն, անընդհատ թշնամիների դեմ պայքար է հեղափոխությունը, և այն չի կարող ինչ-որ ստեղծագործ գաղափարի շուրջ լինել։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ մեղավորներ է գտնում, մեղադրում է նաև իր կառավարության անդամներին, անգամ իր նվիրյալներին, բայց է թողնում այն կարևոր հանգամանքը, որ ցույց չի տվել այն ուղենիշը, թե նրանք ինչ պետք է անեն։ Հայտարարվում է ինչ-որ երևութական բաների մասին։
Աղասի Ենոքյանը շեշտեց՝ իշխանությունը չի կարողանում ապահովել անգամ հեղափոխության շարունակականությունը, որովհետև կեղծ նպատակներ են դրված։ «Ի՞նչ նպատակ է դրվում, օրինակ՝ հանրաքվեով։ Փոխել Սահմանադրական դատարանի կազմը։ Ստացվում է՝ զուտ մի երկու հոգու աշխատանքի տեղավորման հարցը լուծելու համար մոբիլիզացնում են ամբողջ ժողովրդին, ողջ պետական, իշխանական ու անգամ ընդդիմադիր ռեսուրսները։ Եվ այս ամենը ներկայացվում է պաթոսով, այնպես, որ ժողովրդի մի մասը, այո, կարող է գնալ հանրաքվեի։ Բայց եթե դիտարկում ենք իրականությունը, ապա կատարվում է հակասահմանադրական, հակաօրինական մի գործընթաց, որի ողջ իմաստը մի երկու հոգու աշխատանքի տեղավորելն է։ Սա անհեթեթություն է, պարզապես ծաղր է ողջ հանրապետության հանդեպ»,ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ հասարակությանը լարման մեջ պահելով՝ պարզապես երկրի ունեցած ռեսուրսն է սպառվում։
Խոսելով արտաքին քաղաքականության, արտաքին գործընկերների հետ հարաբերություններից՝ Ա. Ենոքյանը մի քանի հանգամանք առանձնացրեց։
Կարդացեք նաև
«Արտաքին քաղաքականության մեջ իշխանությունը վարել է հնարավորինս ապիկար քաղաքականություն։ ԱՄՆ-ի հետ ընդհանրապես օրակարգ չկա։ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրագործելու փոխարեն, մենք, փաստորեն, եվրոպական երկրների հետ հարաբերություններում կրկին հետընթաց ենք արձանագրել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա փորձելով երևալ անկախական, հակառուսական քայլեր անելով, իշխանությունները Հայաստանին իրականում ավելի մեծ կախման մեջ են գցել Ռուսաստանից։ Այս ամենով հանդերձ՝ նկատենք, որ իշխանություններն իրենց արտաքին գործընկերների կողմից քննադատության չեն արժանանում։ Սա շատ հետաքրքիր պարադոքս է»,-ասաց նա՝ շեշտելով, որ այդ պարադոքսի լուծումը, իր կարծիքով տեղավորվում է Արցախի խնդրի համատեքստում։
«Արտաքին ուժերի համար Արցախի հարցը լուծելը հիմա օրախնդիր է։ Հասկանալով, որ այսպիսի թույլ իշխանություն երբեք չի եղել ու չի լինի, նրանց օժանդակում են զուտ վերոնշյալ պատճառով»,-շեշտեց Ա. Ենոքյանը։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում