Իտալիայից հետո Եվրոպայում Կորոնավիրուսով ամենամեծաթիվ վարակակիրները Գերմանիայում են, իսկ ԳԴՀ- ում նրանք ամենաշատը ամենախիտ բնակեցված երկրամասում` Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում են, որտեղ բնակվում եմ: Թեեւ ժամ առ ժամ հետեւում եմ Ռոբերտ Կոխ գիտահետազոտական ինստիտուտի արժանահավատ տվյալներին, բայց թվեր չեմ գրի, քանի որ դրանք ցավալիորեն արագ փոխվում են: Որքան էլ արտաքուստ քաղաքներում խուճապ չես նկատում, այն կա, երբ սոցցանցերն ես ուսումնասիրում, կամ խանութներում աչքիդ է զարնում մակարոնեղենի, պահածոների, զուգարանի թղթի սրբած դարակները, կամ՝ դեղատներում գրեթե համատարած կարդում ես, որ ոչ դիմակ կա, ոչ էլ ախտահանող միջոց, գլխուղեղի մի սլաք անընդհատ կրկնում է՝ շրջափակվում ես: «Երկու վախը մի մահ է», հիշում ես ու ասույթի թեւերն առած՝ պոկվում ես 90- ականների Հայաստան: Ապրեցինք, ուրեմն սա ի՞նչ է, որ չհաղթահարենք:
ԳԴՀ առողջապահության նախարարությունը Ռուսաստանի նման չորեքշաբթի օրն արգելեց դիմակների եւ վարակապաշտպան միջոցների արտահանումն արտերկիր, նույն ուղին է ընտրել Հնդկաստանը, որ հրաժարվել է դեղամիջոցներ արտահանել, ինչը Գերմանիայի համար մեծ բաց է լինելու: Բանն այն է, որ 60-ականներին «աշխարհի համար դեղատուն Գերմանիայում» այսօր այլ պատկեր է՝ դեղամիջոցների 80 տոկոսը Չինաստանից կամ Հնդկաստանից է ներմուծվում, եւ հանրությունն անհանգստացած է, թե շաբաթներ հետո իրեն ցուցված դեղամիջոցն ինչպես է ստանալու:
Որքան էլ զարմանալի թվա, Գերմանիայում առայժմ չեն հետաձգվում միայն ֆուտբոլային խաղերը: Այստեղ էլ մեկ ուրիշ տգեղ երեւույթ է ի հայտ եկելՙ օրեր առաջ ճապոնացիների մի խմբի արգելել են մարզադաշտում խաղը դիտել՝ պատճառաբանելով, թե ասիացիների պատճառով է վիրուսը Գերմանիա հասել: Հետո ներողություն են խնդրել նրանցից, բայց ռասիստական նման վարքագիծը, ցավոք, եզակի բնույթ չի կրում այս օրերին: Մյուս խոշոր միջոցառումները, այդ թվում նաեւ Ջեյմս Բոնդի խաղարկմամբ նոր ֆիլմի դիտմանը դեռ հայտնի չէ, որքան են սպասելու կինոսիրահարները:
Չեղարկված բոլոր մեծ տոնավաճառների պատճառով տուժել է նաեւ հյուրանոցային բիզնեսը, որ երեկ պետության սատարմանը դիմեց: Տարբեր ուղղություններով թռիչքները չեղարկում է նաեւ Լուֆթանզան, իսկ 12 վարակակիր ունեցող Իսրայելը չորեքշաբթի օրվանից այլեւս չի ընդունելու Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից ժամանողների: Գերմանացի վարակաբաններն էլ չգիտեն, թե հիվանդութունն ինչպես կզարգանա, բայց որ աշնանը ավելի մեծ բռնկմամբ հիշեցնելու է իր ներկայության մասին, կարծես հակված չեն կասկածելու: Բայց առայժմ հանգստացնում են, թե վերահսկում են իրավիճակը:
Կարդացեք նաև
«Հայաստանում ի՞նչպես են պայքարում այս վիրուսի դեմ», ձեռքով բարեւելուց հետո հարցրեց գերմանացի հարեւանս: Առայժմ նույն եղանակով՝ ձեռք են լվանում, բայց սխտորն ու օղին չեն մոռանում, ասացի: «Սովորենք, մեռնելը միշտ կա, գոնե երջանիկ մեռնենք», ուրախությունը չթաքցրեց պարոն Հոֆֆեն:
Իսկ մեռնելուց առաջ, ձեռքերը լա՛վ լվանալով, ապրենք:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում