Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայից հետ վերադարձված» գումարը հանգրվանում է իշխանության վերին օղակներում հայտնվածների գրպանում․ «Ազգ»

Մարտ 07,2020 11:18

Ըստ Նիկոլ Փաշինյանի, «կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե»: Մեկ այլ հայտարարությամբ էլ նա նշեց, որ «1 մլրդ դոլարով մեկուկես տարվա ընթացքում 2018-2019 թվականների արդյունքներով բարձրացրել ենք բյուջեի եկամուտները»: Տեսնենք արդյո՞ք դա այդպես է:

Հասկանալու համար, թե ի՞նչ 105 մլն դոլարի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնենք պաշտոնական վիճակագրությունը: Բանն այն է, որ վերոնշյալ գումարը պետք է արտացոլված լինի պետական բյուջեի «այլ եկամուտներ» տողում` ի թիվս ճանապարհային հարկի, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների, հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքների եւ տույժերի, միասնական մաքսային վճարի, դրոշմանիշային վճարների:

Համեմատենք 2019 թ.-ի պետական բյուջեի «այլ եկամուտներ» տողում նշված գումարը 2017 թ.-ի նույն տողում նշված գումարի հետ: 2019 թ.ին բյուջեի «այլ եկամուտները» կազմել են մոտ 82 մլրդ դրամ, 2017 թ.-ին` մոտ 65 մլրդ դրամ: Տարբերությունը 17 մլրդ դրամ է կամ մոտ 35 մլն դոլար: Այսինքն, «այլ եկամուտներ» տողում արտացոլված գումարը պակաս է Նիկոլ Փաշինյանի նշած 105 մլն դոլարից: Ընդ որում, ինչպես արդեն նշեցինք, այստեղ արտացոլվում են նաեւ մի շարք այլ վճարներ: Եթե այդ գումարներն էլ հանենք ընդհանուրից, ապա «կոռուպցիոն գումարներ» կոչվածը անգամ 35 մլն դոլարից ավելի նվազ կլինի:

Մյուս հայտարարությունը` մեկուկես տարում 1 մլրդ դոլարով բյուջեի հարկային եկամուտներն ավելացնելու մասին: Դարձյալ ըստ վիճկոմի, 2018 թ.-ի երկրորդ կիսամյակում 2017 թ.-ի երկրորդ կիսամյակի համեմատ 77 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ են հավաքվել, իսկ 2019 թ.-ին 2018 թ.-ի համեմատՙ 207 մլրդ դրամ: Ստացվեց, որ անցած մեկուկես տարում պետական բյուջեի եկամուտները ավելացել են 284 մլրդ դրամով կամ մոտ 585 մլն դոլարով: Սա, անշուշտ 1 մլրդ դոլար չէ: Միաժամանակ փաստենք, որ բյուջեի եկամուտների տարեկան 100 մլրդ դրամը գերազանցող աճը ոչ աննախադեպ է, ոչ էլ հեղափոխական: Նման աճեր ունեցել ենք նաեւ նախկինումՙ 2007, 2008, 2011, 2013 թվականներին:

Փաստենք, որ կոռուպցիայից վերադարձված գումարն անգամներով ավելի քիչ է, քան հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ճիշտ այնպես, ինչպես բյուջեի հարկային եկամուտների ավելացած գումարն էապես ավելի քիչ է, քան նրա մյուս հայտարարության մեջ նշվածը :

Աստղաբաշխական պարգեւատրումները գերազանցում են «կոռուպցիայից հետ բերված» գումարը

Պատկերացում կազմելու համար, թե որքա՞ն գումար է ուղղվել անցյալ տարի մեծ դժգոհություն առաջացրած պետական ապարատի եւ մասնավորապես՝ նրա ղեկավար կազմի պարգեւատրումներին, ներկայացնենք լրատվամիջոցներում հրապարակված տվյալները այդ մասին: Տվյալներ, որոնք տրամադրել են տվյալ գերատեսչությունները ի պատասխան լրատվամիջոցների հարցումների:

Այսպիսով, պարգեւատրումները հետեւյալ կառույցներում կազմել են.

ԱԺ աշխատակազմ՝ 900 մլն դրամ, վարչապետի աշխատակազմՙ 500 մլն դրամ, գլխավոր դատախազություն՝ 1,2 մլրդ դրամ, քննչական կոմիտե՝ 1,4 մլրդ դրամ, ՊԵԿ՝ 7,9 մլրդ դրամՙ (նախապես ծրագրված 5,6 մլրդ դրամին տարվա ընթացքում լրացուցիչ հատկացվել է 2,3 մլրդ դրամ), պետական վերահսկողության ծառայություն՝ 236 մլն դրամ, Հանրային հեռուստաընկերություն՝ 105 մլն դրամ, ՀՀ նախագահի աշխատակազմ՝ 142 մլն դրամ, «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ՝ 40 մլն դրամ:

Ընդգծենք, որ այս` ոչ ամբողջական ցանկի համաձայն, անցյալ տարի պարգեւատրումներին հատկացվել է մոտ 21,5 մլրդ դրամ: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ «կոռուպցիայից հետ վերադարձված» գումարը հանգրվանում է իշխանության վերին օղակներում հայտնվածների գրպանում:

 

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031